Ուժի ցուցադրության փուլ է, ամեն ինչ, կարծես, որոշվում է Հայաստանի փոխարեն
Հայաստանում ընտրական գործընթացները պաշտոնապես ավարտվեցին: Ծավալվող ներքաղաքական իրադարձությունները երկրորդ պլան էին մղել տարածաշրջանային գործընթացները, որոնք Հայաստանի անվտանգային տեսանկյունից առավել կարեւոր են:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կայացավ Պուտին-Բայդեն հանդիպումը, որը նախանշելու է առաջիկայում մեր տարածաշրջանում մթնոլորտի ձեւավորումը:
Նկատենք, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը հստակ նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում, այդ թվում` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում: Այս շարքում նա առանձնացրել էր՝ «ռազմավարական կայունությունը, գլոբալ էկոլոգիան եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը»: «Եթե հանդիպումից հետո մենք մեխանիզմներ ստեղծենք այս բոլոր ուղղություններով աշխատելու համար, ապա կկարողանանք ասել, որ այն իզուր չէր», – ասել էր Պուտինը:
Կարդացեք նաև
Իսկ Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր՝ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներն այլ հարցերի շարքում կքննարկեն նաեւ ղարաբաղյան խնդիրը: «Դեսերտին էլ թողել են տարածաշրջանային խնդիրները` Մերձավոր Արեւելքը, Սիրիան, Լիբիան, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, կարգավորումը Աֆղանստանում, Կորեական թերակղզում, Լեռնային Ղարաբաղում եւ իհարկե՝ Ուկրաինան», – ասել էր նա:
Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնեւում ավելի քան 4 ժամ տեւած բանակցություններից հետո հանդես եկան համատեղ հայտարարությամբ: «Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ցույց տվեցին, որ անգամ լարվածության շրջանում իրենք ունակ են հասնել առաջընթացի՝ ռազմավարական ոլորտում կանխատեսելիության ապահովման, զինված հակամարտությունների ռիսկերի եւ միջուկային պատերազմի սպառնալիքի նվազեցման վերաբերյալ համատեղ նպատակների իրականացման գործում»,- ասվում էր հայտարարության մեջ:
Նախագահները վերահաստատեցին այն սկզբունքը, որի համաձայն՝ միջուկային պատերազմում չի կարող լինել հաղթող, եւ նման բան չպետք է լինի. «Այդ նպատակների իրականացման համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջիկայում կմեկնարկեն համալիր երկկողմ երկխոսություն ռազմավարական կայունության վերաբերյալ, որը կլինի առարկայական եւ եռանդուն: Այդպիսի երկխոսության միջոցով մենք ձգտում ենք հիմք դնել ապագայում սպառազինությունների եւ ռիսկերի նվազեցման վերահսկողության համար»:
Անկախ տարածաշրջանային տարբեր հարցերով տարաձայնություններից՝ ակնհայտ է, որ Կրեմլը փորձում է համագործակցության դաշտ ստեղծել Վաշինգտոնի հետ՝ ռազմավարական կայունությունը, տարածաշրջանային հակամարտությունները օրակարգային թեմաների գլխավորը մատնանշելով:
Այսօր արդեն պարզ է, որ Պուտին-Բայդեն հանդիպումից հետո ամերիկացի եւ ռուս դեսպանները վերադառնում են Վաշինգտոն եւ Մոսկվա, իսկ երկու երկրների առաջնորդների հանդիպումը որակվում է որպես՝ «կոնստրուկտիվ»: Չկա տեղեկատվություն, թե Պուտինն ու Բայդեն ինչ են հստակ քննարկել Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, ընդհանուր՝ հետպատերազմյան փուլում վերջին զարգացումների վերաբերյալ ընդհանուր հայտարարի եկե՞լ են արդյոք:
Վաշինգտոնը հայտարարել է, որ ողջունում է նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագիրը, սակայն մյուս կողմից ԱՄՆ-ը ԼՂ կարգավիճակի հստակեցման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունների շարունակման կողմնակից է, մինչդեռ Մոսկվայի համար այս հարցերը առաջնահերթ չեն, ավելին՝ ռուսական կողմը միայն շտապում է Հայաստան-Ադրբեջան սահմանների հստակեցման հարցում:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարեւոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը, վերջերս նշել էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Դա պետք է վերջնական համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, որը տվյալ փուլում, երեւի թե, պետք է կենտրոնանա ոչ թե կարգավիճակի խնդրի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, հումանիտար հարցերի կարգավորմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության եւ տնտեսական բարօրության մեջ»,- նկատել էր Լավրովը, ապա համոզմունք հայտնել, որ այդ պարագայում մի քանի տարի անց այնպիսի իրադրություն կլինի, որ ԼՂ կարգավիճակի հարցը կկարգավորվի շատ ավելի հեշտ: Նրա խոսքով՝ հակամարտության մասնակից երկրների մայրաքաղաքներում հնչող հայտարարությունները շատ հաճախ պայմանավորված են հույզերով: «Մենք կոչ ենք անում բոլորին, ովքեր ներգրավված են այդ իրավիճակի մեջ, նպաստել այդ հողի վրա ապրողների անդորրի եւ բնականոն կյանքի վերականգնմանը», – ասել էր Լավրովը, հավելելով, որ Ռուսաստանը խաղաղապահների եւ արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների ջանքերով հենց այդ խնդիրն է լուծում:
Մոսկվայի համար գերխնդիրը շարունակում է տարածաշրջանային ապաշրջափակումը մնալ: «Եռակողմ խմբի աշխատանքի արդյունավետությունը կչափվի այն հանգամանքով, թե որքանով է ապաշրջափակման արդյունքում բարելավվելու մարդկանց կյանքը: Այդ քննարկումներում միանշանակ հաշվի են առնվում Թուրքիայի եւ Իրանի շահերն, այլապես ապաշրջափակումն առավելագույն արդյունք չի տա», – հավելել էր Ռուսաստանի ԱԳ նախարարը, կարծես, կոչ անելով՝ կենտրոնանալ ավելի կարեւոր գործընթացների վրա:
Ռուս-ամերիկյան համագործակցության վերականգնման թույլ ազդակներին զուգահեռ առկա են թուրք-ադրբեջանական դաշինքի բացահայտ հավակնությունները: Շուշիում ստորագրված հռչակագիրը դրա ամենացայտուն ապացույցն էր: Ձեւավորվել է ուժի ցուցադրության մի փուլ, որում առայժմ Հայաստանի դերը, շահը չի նշմարվում: Կարծես ամեն ինչ որոշվում է Հայաստանի փոխարեն:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առընթեր վերլուծական ծառայության նախկին ղեկավար, քաղաքագետ Ֆարհադ Մամեդովն, օրինակ, վերջերս նկատել էր, թե հետպատերազմյան իրականությունը նոր ուրվագծեր է ստանում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան պաշտոնապես դարձան դաշնակիցներ։ Իսկ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը վերջին իրադարձությունները համարել էր թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավման վկայություն. «Պարզ դարձավ, որ առանց Թուրքիայի մասնակցության, հնարավոր չէ ուժեղացնել Արեւմուտքի ազդեցությունը Հարավային Կովկասում, Միջին Արեւելքում, Աֆղանստանում եւ Ուկրաինայում»: Միլի մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամեդովի գնահատմամբ՝ Շուշիի հռչակագիրը ուղղված է ոչ միայն թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը, այլ նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։
Ֆեյսբուքյան ադրբեջանական տիրույթում քննարկվում է նույնիսկ մոտ ապագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի միավորման հնարավորությունը, «Շուշիի հռչակագիրը» համարվում է առաջին քայլը՝ ադրբեջանա-թուրքական կոնֆեդերացիա ստեղծելու ուղղությամբ։ Ու որքան էլ հայտարարվի, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ զարգացող ռազմա-քաղաքական համագործակցությունը համապատասխանում է երկու կողմերի շահերին եւ ուղղված չէ երրորդ երկրների դեմ, հստակ է, որ Շուշիի հռչակագրով Թուրքիան փորձելու է հակակշռել Ռուսաստանի ներկայությանը մեր տարածաշրջանում, մյուս կողմից իրական սպառնալիք դառնալ Հայաստանի համար:
Եվ այստեղ է, որ պաշտոնական Մոսկվայի պահվածքը, մեղմ ասած, անհասկանալի է, եթե չասենք՝ ոչ համարժեք…
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.06.2021