«Զոմբիացումից» ամենաշատը պաշտպանված են կասկածներ ունեցող մարդիկ
Վերջերս մի ֆիլմ էի նայում այն մասին, թե ինչպես են մարդկանց «զոմբիացնում»: Խնդրում եմ այդ բառը որպես հայհոյանք չդիտարկել՝ դա ընդամենը հոգեբանական տեխնիկա է: Գործնականում ցանկացած մարդուն կարելի է ներշնչել ցանկացած միտք, թելադրել որոշակի վարք, այդ թվում՝ ընկալումներ, որոնք խիստ հակասության մեջ են մտնում իրականության հետ, բայց ձեռնտու են որոշակի խմբերի: Իհարկե, կան մարդիկ, որոնք առավել կամ պակաս հակվածություն ունեն «ներշնչվելու», բայց ոչ մի մահկանացու չի կարող դրանից ամբողջությամբ զերծ մնալ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. որովհետեւ մենք սոցիալական էակներ ենք, եւ այս կամ այն չափով կարիք ունենք մեզ շրջապատող մարդկանց փոխազդեցությունների, մասնավորապես, աջակցության, գնահատանքի, ծափահարությունների եւ այլն:
Ֆիլմում ներկայացվող «զոմբիացման» սխեման շատ պարզ է: Նախօրոք պատրաստված վեց հոգու, որոնք ներկայանում էին, իբր իրենք փորձի մասնակիցներ են, սովորեցնում էին, որ նրանք սպիտակ գունդը պետք է սեւ անվանեն, իսկ բանից անտեղյակ 7-րդ՝ «իսկական» մասնակիցը, որը փորձարկման բուն «օբյեկտն է», պետք է վերջում պատասխանի գնդի գույնի մասին հարցին: Որպես կանոն, այդ անձնավորությունը ենթարկվում էր մեծամասնության կարծիքին եւ սպիտակին սեւ էր ասում: Շարժառիթները եւ ներազդելու հոգեբանական տեխնիկաները տարբեր էին. ոմանք իրենց ապահով են զգում մեծամասնության մեջ, ոմանց խաբում են եւ ասում, որ իրենից առաջ կարծիք հայտնողները մեծ փորձագետներ են, ոմանց համար դեր է խաղում «թիմային ոգին» կամ սեփական սնապարծությունը: Իսկ ազդեցության տակ չեն ընկնում միայն այն հատուկենտ մարդիկ, որոնք ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ: Նրանք վստահ չեն, որ իրենք են ճիշտ, ընդունում են, որ գուցեեւ մեծամասնությունը չի սխալվում, չեն հակադրվում դրան, բայց մեղմորեն շարունակում եմ պնդել, որ սպիտակը սպիտակ է:
Անհամեստորեն կարծում եմ, որ հենց այդ մարդկանց թվին եմ պատկանում. Որպես պետության քաղաքացի՝ ես դժվար եմ որոշումներ կայացնում, տատանվում եմ, կասկածում եմ, վերապահումներ եմ անում: Երբ մարդիկ ֆեյսբուքում գրում են՝ «անվերապահորեն աջակցում եմ» սրան կամ նրան, դա ինձ տարօրինակ է թվում. անվերապահ է միայն Աստված, մահկանացուի վարքը եւ միտքը միշտ էլ «վերապահ» են: Անվերապահորեն ընդունել որեւէ մեկին՝ նշանակում է ինչ-որ առասպելաբանություն կառուցել նրա շուրջ եւ բոլոր պարագաներում ողջունել նրա վարքագիծը. եթե պետք լինի՝ սեւին սպիտակ ասել: Եվ ահա այս «կասկածամիտ» մոտեցմամբ ես վերջին ընտրություններում ձայնս տվել եմ Հայ ազգային կոնգրեսին, բայց դա չի նշանակում, որ ես անվերապահորեն ընդունում եմ այդ կուսակցությունը եւ դրա լիդերին:
Կարդացեք նաև
Նախ ասեմ, թե ինչու եմ ընտրել ՀԱԿ-ը: Պետք է հիշեցնեմ, որ հայկական իրականության մեջ կար երեք գաղափարական հոսանք՝ կոմունիստական, դաշնակցական եւ (պայմանականորեն ասած) ՀՀՇ-ական: Առաջինը ներմուծված էր դրսից եւ իմ գիտակից տարիքում արդեն որեւէ գործնական ազդեցություն չուներ՝ 70-ականներին կոմունիստները՝ այդ թվում ղեկավար պաշտոններ զբաղեցնող, չէին հավատում կոմունիստական գաղափարներին՝ անկախ բարձր ամբիոններից արտասանած իրենց ճառերից: Ի հակադրություն դրա՝ դաշնակցական գաղափարախոսությունը եղել եւ մնում է ամենաազդեցիկը հայության մեջ: Ի դեպ, ժամանակին Տեր-Պետրոսյանի կողմից կոպիտ սխալ էր Դաշնակցության հետ հարաբերություններ փչացնելը՝ մեր պետության ներդաշնակ զարգացումը կախված է ազգային միասնությունից, նաեւ՝ Սփյուռքի հետ համագործակցությունից, իսկ առանց ՀՅԴ-ի՝ դա դժվար թե ստացվի: Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա ես նույնիսկ նրանից չէի սպասի, որ իր սովորական դարձած հռետորական ցասման նոպայի պահին առաջարկեր այրել Դաշնակցության դրոշը՝ այդ դրոշի տակ հազարավոր հայրենասերներ են զոհվել:
1988-ին ծնվել է նոր գաղափարախոսություն, որը հիմված է real-politik -ի «չոր ընկալման» վրա: Այդ ուղղությունը չի մերժում ազգային արժեքները, ինչպես որ պնդում են դրա հակառակորդները, պարզապես այդ արժեքները դնում է հստակ պետական շրջանակների մեջ: Այն, ինչ ասում էր «Ղարաբաղ» կոմիտեն 1988-90 թվականներին, այն, ինչ դրանից հետո (նաեւ այս ընտրարշավում) ասում էր Տեր-Պետրոսյանը, հիմնված է բացառապես real-politik- ի վրա: Արդյոք այդ մոտեցումն օգո՞ւտ է բերել մեր պետությանը եւ Արցախին 1991-1998 թվականներին, թե՞ վնաս: Կարծում եմ՝ օգուտ, կասեի անգամ՝ աննախադեպ օգուտ: Մյուս կողմից՝ արդյո՞ք Տեր-Պետրոսյանն աններելի սխալներ արել է թե՛ իր իշխանության ժամանակ, եւ թե՛ դրանից հետո: Դարձյալ կարծում եմ, որ՝ այո, եւ, ի դեպ, 1996 թվականի իրադարձությունների մասին ՀԱԿ-անդամների բացատրություններն ինձ համոզիչ չեն թվում:
Երեք նախկին նախագահներով միավորվելու եւ առանց իշխանության հավակնելու ներկայիս վարչակարգի դեմ պայքարելու Տեր-Պետրոսյանի առաջարկը նույն պրագմատիկ նկատառումներով էր պայմանավորված: Եթե առաջարկն ընդունվեր՝ ապա կլիներ այն, ինչ, միեւնույն է, տեղի է ունենալու մոտակա տարիների կամ գուցե ամիսների ընթացքում. Հայաստանի չորս ղեկավարները հրաժեշտ կտան քաղաքական ասպարեզին եւ ճանապարհ կբացեն նոր ուժերի համար: Բայց նույն Տեր-Պետրոսյանն իրավացիորեն նշում է, որ timing-ը քաղաքականության մեջ վճռական նշանակություն ունի՝ այն, ինչ բարենպաստ է այսօր, կարող է նույն արդյունքը չտալ վաղը:
Հիմա՝ վերապահումների մասին:
1/ Ճիշտ է, որ հիմա նոր պատերազմ սկսելը խելահեղություն է, բայց պետք է ավելի հստակ եւ միանշանակ ասվեր, թե ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ինչպիսի քայլեր են հարկավոր մեր պետական կառույցների եւ բանակի կենսունակությունը վերականգնելու համար:
2/ Չի կարելի բոլոր ելույթների առանցքը դարձնել՝ «ա՜յ, որ էն ժամանակ դուք ինձ լսեիք…» արտահայտությունը:
3/ Չի կարելի մարդկանց հետ խոսել «ե՞րբ եք վերջապես հասկանալու» տոնայնությամբ:
Ահա թե ինչով է տարբերվում կասկածներ եւ վերապահումներ ունեցող քաղաքացին «անվերապահ աջակիցներից» եւ անձի պաշտամունքի կողմնակիցներից:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.06.2021
I knew Mr. Abrahamyan would vote ANC, it was a rational and well founded choice. I think ANC didn’t possess the organizational/logistical prowess, the political machine to have a chance at victory. Also and as importantly, I think the concepts defended by ANC require a minimum understanding of geopolitical realities, some knowledge of history, and an openness towards alternative/critical thinking. Let’s agree that the average voter (not only in Armenia) lacks those qualities and prefers a more sensationalist/populist context.
Definitely!