Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը կարծեք չունի իր սեփական օրակարգը». Վարդան Օսկանյան. civilnet

Հունիս 22,2021 23:10
Vardan Oskanyan

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի հոդվածը ղարաբաղյան բանակցություններում հայկական օրակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին։

Ադրբեջանն իր օրակարգը ձեռքին պատրաստ սպասում է Հայաստանում ներքաղաքական զարգացումների հարմար պահի, որպեսզի այն դնի սեղանի վրա։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն փորձելու է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։

Առաջինը դելիմիտացիայի և դեմարկացիայի հավանական փաստաթուղթն է, որն առնչվելու է նաև անկլավների հարցին: Երկրորդը Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի/միջանցքի հարցն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթ է։ Երրորդը հայ-ադրբեջանական խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հավանական համաձայնագրի ստորագրման հարցն է։

Այս երեքն էլ շատ լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար։ Դրանք անխուսափելիորեն պարունակելու են դրույթներ, որոնք չեն բխելու Հայաստանի Հանրապետության անվտանգության և, առհասարակ, շահերից։

Ավելին, խաղաղության համաձայնագիրը կամրագրի Լեռնային Ղարաբաղի վերջնական կորուստը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ փաստաթուղթը կստորագրի միմիայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Լավագույն դեպքում այդտեղ կարող է մտցվել դրույթ, որով Ղարաբաղի այսօր մնացած մասում հայերին մշակութային ինքնորոշման ինչ-որ տարբերակ տրամադրվի։ Այս փաստաթուղթն իհարկե վերոնշյալ երեքից ամենավտանգավորն է, և առաջին երկուսի իրականացումն ինչ-որ պահից առնչվելու է նաև դրան՝ նախապայմանների ձևով։

Այլ կերպ ասած՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների բացումը և կոմունիկացիաների գործարկումը կապվելու է նաև այս փաստաթղթի ստորագրման հետ։ Եթե նախկինում Թուրքիան և Ադրբեջանը ասում էին, որ Ղարաբաղին հարակից թեկուզ մի քանի տարածքների վերադարձի դեպքում պատրաստ են բացել կոմունիկացիաները, ապա մոտ ապագայում այս երրորդ փաստաթղթի ստորագրումն է լինելու կոմունիկացիաների բացման նախապայմանը։

Տպավորություն է, որ հայկական կողմը պատրաստ է ներգրավվել այս գործընթացներին։ Դա ակնհայտ դարձավ ընտրարշավի ընթացքում իշխող կուսակցության հնչեցրած հայտարարություններից և մոտեցումներից։

Այս պահին Հայաստանը կարծեք չունի իր սեփական օրակարգը։ Առանց նման օրակարգի՝ վերոնշյալ գործընթացներին ներգրավվելը միանշանակ կտանի անցանկալի արդյունքների և դիվանագիտական, տարածքային ու անվտանգային նորանոր բարդությունների ու կորուստների։

Այս բոլորին Հայաստանը պետք է հակադրի իր ուրույն օրակարգը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930