Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ժողովուրդն իր խոսքն ասաց, անկախ նրանից՝ համաձայն ենք դրա հետ, թե ոչ․․․

Հունիս 22,2021 23:50

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ բուռն էին։ Այս ընտրություններում շատ է գրվել ու խոսվել թեկնածուների մասին, թե ով պետք է առաջնորդի Հայաստանը վերջին կործանարար պատերազմի, ժողովրդի անմխիթար վիճակի և Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների լույսի ներքո:

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ երեք տարի առաջ: Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, ջերմորեն ողջունեց նրան՝ արձագանքելով նախկին ղեկավարների հանդեպ ունեցած իրենց հակակրանքին: Սակայն, Փաշինյանը չարդարացրեց ժողովրդի խանդավառ աջակցությունն ու նրա սպասելիքները: Շատերը հիասթափվել էին նրա անկարող աշխատանքից, ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից առաջ: Նույնիսկ այդ ժամանակ նախկին ղեկավարների նկատմամբ  հակառակությունն այնքան ուժեղ էր, և նրանց իշխանության վերադառնալու հեռանկարն այնպիսի վախեր էր առաջացրել, որ ընտրողների մեծ մասը կամ չմասնակցեց ընտրություններին կամ քվեարկեց Փաշինյանի օգտին: Զարմանալի էր ոչ այնքան Փաշինյանի համոզիչ հաղթանակը, որը հավաքեց ձայների գրեթե 54 տոկոսը, այլ այն, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը կարողացավ հավաքել ձայների 21 տոկոսը:

Այնուամենայնիվ, Հայաստանում մարդիկ իրենց խոսքն ասացին։ Մենք պետք է հարգենք նրանց ընտրությունը անկախ նրանից՝ համաձայն ենք նրանց հետ, թե ոչ: Սփյուռքահայերը իրավունք չունեն քվեարկել Հայաստանում անցկացվող ընտրություններում:  Նույնիսկ Հայաստանի քաղաքացիները, որոնք ապրում են երկրից դուրս, չեն կարող քվեարկել, եթե ընտրությունների օրը չեն վերադարձել տուն: Այսպիսով, սա Հայաստանի հողում ապրողների ընտրությունն է։ Նրանք իրավամբ կկրեն իրենց ընտրության անմիջական ազդեցությունը՝ լավ, թե վատ: Իմ կարծիքով, Փաշինյանը չունի կարողություն՝ բազում խնդիրներ ունեցող երկիրը կառավարելու համար։ Լուծումներ գտնելու փոխարեն, նա, ցավոք, ավելի է վատթարացրել իրավիճակը՝ իր և իր խորհրդականների ու նախարարների ապաշնորհությամբ:

Ցավոք, քարոզարշավի ընթացքում հնչեցին բազմաթիվ բռնություն հրահրող, նողկալի, ատելություն և վիրավորանք պարունակող խոսքեր, հատկապես Փաշինյանի կողմից։ Անհավատալի էր, որ քարոզարշավի ընթացքում նա մուրճ էր թափ տալիս և սպառնում ընտրություններից հետո այն օգտագործել իր մրցակիցների դեմ: Փաշինյանը բազմիցս սպառնացել է նրանց «փռել ասֆալտին և ծեփել պատերին»․․․ Սրանք խոսքեր են, որ իրեն հարգող ոչ մի ղեկավար չպետք է օգտագործի իր ժողովրդին դիմելիս, անկախ նրանից սատարում են նրան, թե ոչ: Փաշինյանը նաև ժողովրդին ասաց, որ նախկինում իր նկարագրած «թավշյա հեղափոխությունը» կվերածի «պողպատե հեղափոխության»: Ինձ համար զարմանալի է, որ մի մարդ, որը իշխանության է եկել հանդուրժողականություն և ժողովրդավարական սկզբունքներ քարոզելով, վերածվել է բռնապետի և սպառնում է բռնություն գործադրել իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Նման թշնամական լեզուն ավելի տեղին է օգտագործել Հայաստանի արտաքին թշնամիների դեմ:

Ես միայն հույս ունեմ, որ մեր թշնամիների բռնությունից տառապելուց հետո, հայերը չեն դիմի միմյանց նկատմամբ բռնությունների`քաղաքական տարաձայնությունների պատճառով: Պետք է լինի քաղաքակիրթ խոսակցություն և կարծիքների քաղաքավարի արտահայտում:

Մյուս տարօրինակ երևույթը, որին մենք ականատես եղանք՝ ընտրություններից առաջ կառավարության հայտարարությունն էր քվեարկելու իրավունք ունեցող 2 578 678 քաղաքացիների վերաբերյալ: Սա շատ տարօրինակ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկրի բնակչությունը կազմում է շուրջ 2.9 միլիոն մարդ: Եթե հանենք մինչև 18 տարեկան երիտասարդների թվաքանակը (700 հազար), որոնք չեն կարող քվեարկել, ապա ընտրելու իրավունք ունեցողների թիվը պետք է լինի շատ ավելի քիչ, քան հայտարարված թիվը: Միակ ճիշտ բացատրությունն այն է, որ հարյուր հազարավոր հայեր, որոնք տարիներ առաջ մշտապես լքել են երկիրը, դեռ գրանցված են որպես քվեարկող: Ընտրելու իրավունք ունեցողների թվի ուռճացված լինելու պատճառով է ընտրությունների արդյունքների սխալ ցուցանիշը, որ քվեարկությանը մասնակցել է նրանց 50 տոկոսից մի փոքր պակաս: Ժամանակն է, որ կառավարությունը թարմացնի իր ընտրացուցակները`վերացնելու համար երկրից ընդմիշտ հեռացած մարդկանց մեծ թվաքանակը: Քանի որ ընտրողները պետք է ունենան տնային հասցե, նրանք, ովքեր հեռացել են երկրից, չպետք է այլևս իրավունք  ունենան քվեարկելու: Ավելին, ընտրացուցակների մաքրումը կվերացնի ընտրակեղծիքները, քանի որ տեղացիները չեն կարողանա քվեարկել երկրից հեռացածների օգտին, ինչպես դա տեղի է ունեցել նախկինում:

Ինչպես և սպասվում էր, եղան ձայներ կեղծելու բազմաթիվ մեղադրանքներ, որի արդյունքում պարտվող կուսակցությունները հրաժարվեցին ճանաչել ընտրությունների արդյունքները: Որևէ եզրակացություն անելուց առաջ պետք է սպասել դատարանների որոշմանը:

Փաշինյանի հակառակորդները նրան հորդորում էին թողնել պաշտոնը և թույլ չտալ, որ իր կառավարությունը վերահսկի ընտրությունները՝ վախենալով ընտրական գործընթացի վրա անտեղի ազդեցությունից: Այնուամենայնիվ, Փաշինյանը հրաժարվեց դա անել և մնաց որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Դրա հետևանքով նա երկու լուրջ խախտում թույլ տվեց նույնիսկ նախքան քվեարկությունը։ Նա քարոզչություն սկսեց քարոզարշավի օրինական սկզբից մի քանի շաբաթ առաջ և իր նախընտրական արշավների ժամանակ օգտագործեց կառավարության ռեսուրսները, ինչը նույնպես անօրինական է:

Ընտրություններից առաջ խիստ պառակտված ժողովուրդն էլ ավելի բաժանվեց ընտրություններից հետո: Իրարահաջորդ ընտրությունները երկրում ժողովրդավարությունը խթանելու փոխարեն` երկրում ավելի մեծ անկայունություն են առաջացրել` էլ ավելի հեռացնելով Հայաստանը ժողովրդավարական երկրի որևէ նմանությունից: Հայերի մեջ այնքան ատելություն կա, որ պետք չէ մտահոգվել Հայաստանի թշնամիներից: Ցավոք, հայերը դարձել են իրենց ամենավատ թշնամին: Բոլոր հայերը պարտավոր են, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, նվազեցնել թշնամանքի աստիճանը, հատկապես սոցիալական լրատվամիջոցներում, և սովորել արտահայտել իրենց տարաձայնությունները՝ առանց կոպիտ ու թշնամական լինելու: Երկրի ղեկավարի պարտականությունն է հանդուրժողականության օրինակ ծառայել և խրախուսել բոլորին միմյանց նկատմամբ ավելի քաղաքակիրթ լինել, այլ ոչ թե կրքեր բորբոքել և սպառնալից լեզու օգտագործել: Ի վերջո, մենք բոլորս մեկ ազգի զավակներ ենք, և մեր հավաքական շահերը ու ազգի գոյատևումը պետք է վեր դասենք ցանկացած այլ խնդրից:

Այժմ, երբ երկու խորհրդարանական ընդդիմադիր խմբերը պատրաստվում են զբաղեցնել Հայաստանի խորհրդարանի տեղերի մեկ երրորդը, քննարկումներն ու վեճերը, որքան էլ սուր լինեն, պետք է փողոցից տեղափոխվեն օրենսդիր մարմնի դահլիճներ:

Վերջապես, անկախ նրանից, թե ում ենք սատարել ընտրություններում, մենք չպետք է մոռանանք այն փաստի մասին, որ մարդիկ Հայաստանում և Արցախում գտնվում են աղետալի վիճակում, հատկապես վերջին պատերազմից հետո, և մենք պետք է ամեն ինչ անենք նրանց աջակցելու համար: Մենք պետք է նաև փորձենք օգնել մեր ղեկավարներին, նույնիսկ եթե համաձայն չենք նրանց հետ: Հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարներն իրենց հերթին կընդունեն մեր պարզած ձեռքը և պատրաստ կլինեն լսել իրենց առաջարկված խորհուրդը: Մեր ժողովրդին մաղթում ենք ամենայն բարիք և խոստանում, որ մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանենք նրանց աջակցելու համար, որպեսզի չկարծեն, թե իրենց թողել ենք բախտի քմահաճույքին։

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930