Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետն իրեն ծեծի ենթարկելու մասին. «Որեւէ մեկը դեռ էս աշխարհում չի ծնվել, որ ինձ կարող է ծեծի ու ծեծելուց հետո՝ մարսի»

Հունիս 22,2021 21:55

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Լոռու մարզպետարանում ծեծկռտուք է սկսվել՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի միջեւ: Պատճառն էլ եղել է այն, որ այս համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի կողմնակիցներն են:

Aravot.am-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել նշված համայնքների ղեկավարներից: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, սակայն հերքեց այն. «Իմ հետ կապված որեւէ միջադեպ չի եղել, եւ նաեւ ասեմ՝ որեւէ մեկը դեռ էս աշխարհում չի ծնվել, որ ինձ կարող է ծեծի ու ծեծելուց հետո՝ մարսի:  Նման բան չկա»,- ասաց համայնքի ղեկավարը:

Ի պատասխան մեր այն հարցի, որ իրեն մարզպետարանից կանչել են, թե՞ ոչ, ասաց. «Ինձ ոչ մեկը չի կանչել, ես եղել եմ մարզպետարանում, բայց բացարձակ որեւէ խոսակցություն նույնիսկ իմ հետ չի եղել»:

Իսկ Օձունի համայնքապետի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա հեռախոսահամարն անհասանելի է:

Նշենք, որ Արամ Վարդեւանյանը տարածել էր հետեւյալ հայտարարությունը. «Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։ Ընդամենը երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում էր համերաշխության ձեռք մեկնելու մասին, մինչդեռ այսօր արդեն բազմաթիվ ահազանգեր ենք ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։ Այդ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։ Ժամեր առաջ Լոռվա մարզպետարանում նման պահանջ է դրվել նաեւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ, եւ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է կատարվածը և ձեռնարկելու է բոլոր միջոցները այս հաշվեհարդարն իրականացրածներին օրենքի ողջ խստությամբ պատժելու համար։ Իսկ եթե իշխանությունները չդադարեն այս գործելակերպը, ապա սկիզբ կդնեն նոր քաղաքական ճգնաժամի»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930