Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լիովին սխալ են մեկնաբանել իմ այցը ՔՊ գրասենյակ, ես հանդիպումներ եմ ունեցել Ծառուկյանի, Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Մարուքյանի, Սամվել Բաբայանի հետ». Արայիկ Հարությունյան

Հունիս 22,2021 21:00

Ինչպես հայտնի է, Արցախում լարված իրավիճակ է, քաղաքացիները պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ ունեցավ ու ուղերձով հանդես եկավ:

Նա հայտարարեց. «Անկախ իմ հրաժարականի հավաքի մասնակիցների քանակից, կազմից, քաղաքական հայացքներից ու դրդապատճառներից, նրանք մեր եղբայրներն ու քույրերն են, բոլորը Արցախի հանրապետության քաղաքացիներն են եւ ես հավասարապես պատասխանատու եմ բոլորի համար ու բոլորի առջեւ: Կան նաեւ հացադուլավոր անձինք այս հրապարակում: Նրանց առողջություն եմ մաղթում: Իրենք ազատ են իրենց ազատությունների ու իրավունքների իրացման հարցում, ես էլ պատրաստ եմ բոլորի հետ երկխոսության: Միակ ակնկալիքս օրինապահությունն ու փոխըմբռնումն է Արցախի փրկության ու զարգացման նպատակների շուրջ: Այդ համատեքստում խնդրում եմ, այս հանրահավաքից հետո այստեղ թողնել նաեւ ձայնային սարքավորումները, որպեսզի հաջորդ հանրահավաքի ժամանակ մեր քույրերն ու եղբայրները կարողանան դրանք օգտագործել, թող արտահայտեն իրենց կարծիքը: Ես պատրաստ եմ լսել թե՛ հրապարակայնորեն, թե՛ առանձին, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին»:

Խոսելով ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Վերջին օրերին հանիրավի ու մանիպուլյացիոն կերպով շահարկում են Հայաստանի իշխանությունների միջեւ հարաբերությունների հարցը: Կուզեի մի քանի ընդգծում կատարել, մեր երկու երկրների իշխանությունները պարզապես պարտավոր են իրար հետ նորմալ հարաբերություններ պահպանել՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր ու ինչ ուժեր են իշխանության: Ինչպե՞ս եք պատկերացնում առանց ՀՀ-ի ետ համագործակցության՝ ներդաշնակ աշխատանքի լուծել ավելի քան 35 հազար քաղաքացիների սոցիալ-կենցաղային խնդիրները: Ժողովո՛ւրդ, նման խնդիրների պատճառով Մարտակերտի եւ Շահումյանի մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների զրկել ենք մեր երկրում ապրելու հնարավորությունից: Ո՞ւր  են մեր շահումյանցիները, որովհետև տեր չենք կանգնել: Տասնյակ հազար մարտակերտցիները: Այսօր ամեն մի օրը նշանակություն ունի, ամեն մի ժամ: Դրա համար մենք պետք է ներդաշնակ աշխատենք՝ անկախ քաղաքական պրոցեսներից»:

Նա ասաց, որ երկպառակտության դեպքում հետեւանքները անդառնալի կարող են լինել, բացի այդ, Հայաստանը բնակարանային ապահովության ծրագրերից մինչեւ սոցիալական աջակցության ծրագրեր մեծ աջակցություն է տրամադրում. «Լիովին սխալ են մեկնաբանել  իմ այցը «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եղել եմ ոչ միայն ՔՊ-ի գրասենյակում, այլ հանդիպումներ եմ ունեցել հետընտրական Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի եւ այլոց հետ: Ընդ որում, ես պահպանել եմ չեզոքությունը եւ միայն քվեարկությունից հետո եմ հանդիպումներ ունեցել: Պարզապես միայն ՔՊ գրասենյակում են լրագրողներն ինձ հանդիպել: Ինչ վերաբերում է իմ ուղերձին՝ ուղղված վարչապետին, ապա ես հաջողություն մաղթել եմ Հայաստանի իշխող եւ ողջ ընդդիմադիր քաղաքական ուժերին»:

Հավաքի ընթացքում միջադեպեր, վիճաբանություններ էին լինում, Հարությունյանը հորդորում էր ժողովրդին սադրանքների չտրվել: Նա հայտարարեց, որ Արցախը եղել եւ մնում է հայությանը միավորող գործոն:

Ելույթից հետո Արայիկ Հարությունյանը հորդորեց հավաքի մասնակիցներին միասին այցելել Արցախի պատերազմում զոհվածների եղբայրական գերեզման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930