Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա Այվազյանը ստել է՝ ասելով, թե Երևանը չունի ականապատման քարտեզները», ասում է Արմեն Գրիգորյանը, Արա Այվազյանն «անհեթեթությունները» չի մեկնաբանում

Հունիս 22,2021 20:15

Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը ստել է՝ հայտարարելով, որ պաշտոնական Երևանը չունի Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզներ և նման կերպ խոչընդոտել հայաստանցի ռազմագերիների վերադարձմանը՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ազատություն». – Ես ճի՞շտ հասկացա, որ օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումներ կամ վեճեր ասենք, նման կերպ նպատակ էր հետապնդվում թուլացնել գործող իշխանության վարկանիշը, ի վերջո ազդեցություն ունենալ և ովքե՞ր էին այդ դրսի ուժերը:

Արմեն Գրիգորյան. – Բնականաբար, Ադրբեջանն էր, և, բնականաբար, կային նաև այլ ուժեր, որոնք նման բան էին ցանկանում անել, ես նշել եմ նաև ներքաղաքական ուժերը, որոնք անվտանգության հարցում լուծումներին տարբեր ձևերով փորձում էին տորպեդահարել, նույնիսկ պաշտոնյաներ, ես կասեի: Եղել են այդպիսի պաշտոնյաներ, որոնք փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել: Ավելի կոնկրետ, օրինակ, գերիների հարցը:

«Ազատություն». – Ո՞ւմ ի նկատի ունեք պաշտոնյաներ ասելով:

Արմեն Գրիգորյան. – Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում, երբ որ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց: Պարոն Այվազյանը լինելով պաշտոնյա, նա մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները չունենք: Երբ որ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծել:

«Ազատություն». – Ճի՞շտ հասկացա, որ փաստորեն Հայաստանի նախկին արտգործնախարարը ստո՞ւմ էր:

Արմեն Գրիգորյան. – Ոչ միայն ստում էր, այլ տորպեդահարում էր, նա ցանկություն չուներ Հայաստանի անվտանգության հարցերը լուծել, նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել, նա պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ: Նա տորպեդահարել է հարցեր լուծելու մեր հնարավորությունը, որովհետև իր հրաժարականից….., բա հարց չի առաջանո՞ւմ, ամիսներ շարունակ այս հարցը հնարավոր չէր լինում լուծել, պաշտոնյան հրաժարական է տալի, դրանից հետ երևի երկու շաբաթվա ընթացքում, երբ ինքը այլևս չի մասնակցում բանակցություններին, հարցը լուծվում է:

Նախկին արտգործնախարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում արձագանքել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` իր հասցեին արած հայտարարությունները։

«Հարցազրույցը ես չեմ լսել, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ես անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,– ասել է Արա Այվազյանը` չբացառելով, որ հարցազրույցն անձամբ դիտելուց հետո ավելի մանրամասն կմեկնաբանի, եթե հարկ համարի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930