«Իշխանությունն անցել է «պողպատե մանդատ» կոչված հիմարության կիրառմանը։ Պատահական չի, որ փորձում են հանրության շրջանում ուժեղի տպավորություն ստեղծել։ Այն, ինչ այստեղ կատարվում է, կապ չունի իրավունքի հետ։ Այս գործն առհասարակ քննարկման ենթակա չպետք է լիներ։ Սա ծաղր է իրավական պետության հանդեպ»,-Արմեն Չարչյանին կալանավորելու քննիչի միջնորդության քննարկման ժամանակ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ նման ապօրինությունները բացառելու համար խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքը կանխելու է երկրում բռնապետության հաստատումը․ «Քաղաքացիները մեզ վստահության պատկառելի քվե տվեցին։ Չմոռանանք, որ փողոցը որեւէ մեկը չի վերցրել մեր ձեռքից։ Պետք լինի՝ փողոցում էլ պայքար կլինի։ Մենք կոտրվող տեսակ չենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ