Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ խնդրել են, անվճար վիրահատել եմ․ երբ խնդրանքս չեն կատարի, ես էլ իրենցը չեմ կատարի»․ Չարչյանը պարզաբանում է

Հունիս 22,2021 18:45

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դռնփակ նիստում քննում է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ «Մեղադրանքն ինձ համար անհասկանալի է, այն չի պարունակում որեւէ հանցակազմ։ Այն կրում է խիստ քաղաքական բնույթ՝ որպես քաղաքական տեռոր»,-դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արմեն Չարչյանը։ Նա շեշտեց՝ խայտառակություն է քննիչի պնդումն այն մասին, թե ինքը, գտնվելով ազատության մեջ, կարող է խուսափել գործի քննությունից։ Դառնալով ձայնագրությանը՝ Չարչյանը պնդեց․ «Իմ գործողություններում հարկադրանք, պարտադրանք չկա։ Ես կարող եմ խնդրել, հորդորել, եւ դա պարտադրանք չէ։ Կարող եմ եւ պահանջել, եւ դա եւս պարտադրանք չէ, դուք էլ կարող եք չկատարել պահանջս։ Այ եթե այդքանից հետո ես ձեզ որոշակի միջոցներով ստիպեմ դա անել, դա կլինի պարտադրանք, բայց իմ ասածի մեջ պարտադրանք չի եղել»։

Նկատառմանն ի պատասխան, որ Չարչյանը ձայնագրությունում ասում է, թե ընտրության չգնալու դեպքում իր կողմից աշխատակիցները կարժանանան կոշտ վերաբերմունքի, վերջինս նշեց․ «Բացատրեմ։ Հիմա այստեղ իմ աշխատակիցներն են հավաքված։ Երբ նրանք դիմել են, խնդրել վիրահատել կամ հետազոտել իրենց ընտանիքի անդամին կամ ընկերոջը եւ գումար չեն ունեցել, հարգել եմ բոլորի խնդրանքը եւ բոլորը բուժվել ու հետազոտվել են անվճար։ Ես հարգել եմ իրենց։ Իսկ եթե իրենք չեն հարգի իմ խնդրանքը, ես էլ չեմ հարգի իրենց եւ իրենց խնդրանքը հաջորդ անգամ չեմ կատարի՝ օրենքի տիրույթում»։

Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։ ԲԿ-ի աշխատակիցներն այսօր դատարանի դիմաց էին՝ աջակցելու Արմեն Չարչյանին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930