Լրահոս
Օրվա լրահոսը

Ես տեսա վարչական ռեսուրսի օգտագործում ՏԻՄ մակարդակով և հասկացա, թե ինչպես կարող է սաբոտաժը ՏԻՄ համակարգերում աշխատել. Նորայր Նորիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունիս 22,2021 16:17

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:

Նիկոլ Փաշինյան – Ինչքանով հնարավոր է՝ հետևել եմ Ձեր քարոզարշավին և լավ տպավորություններ ստացել: Ափսոսում եմ, որ չեք հավաքել անհրաժեշտ ձայներ խորհրդարան անցնելու համար, բայց կարծում եմ, որ դա է ընտրությունների առանձնահատկությունը: Կարևորն այն է, որ մեր ընտրություններն արձանագրել են  մեր ժողովրդի կամարտահայտությունը, և մեր այսօրվա հանդիպման հիմնական օրակարգը հետևյալն է՝ կուզենայի լսել Ձեր պատկերացումները քաղաքական հետագա զարգացումների վերաբերյալ, նաև ի՞նչ պլաններ ունի Ձեր կուսակցությունը, ինչպե՞ս եք տեսնում կառավարության ու արտախորհրդարանական ուժերի հարաբերությունները, ինչպե՞ս, ի՞նչ բանաձևի վրա հենվելով կարող ենք ապահովել կոնսոլիդացիա, որը մեր երկիրն այս դժվար վիճակից հանելու կարևորագույն բաղադրիչն է: Եվ ի՞նչ անել, որպեսզի փոխադարձաբար լսելի լինենք՝ և՛ արտախորհրդարանական ուժերի, ձեր կուսակցության համար լսելի լինել կառավարությանը, և՛ կառավարության համար լսելի լինել արտախորհրդարանական ուժերին: Համոզված եմ՝ կան բազմաթիվ լավ գաղափարներ, մտքեր, հնարավորություններ և աղմուկի մեջ կորում են, մի ձև գտնել աղմուկի մեջից դուրս բերել: Եթե հնարավոր չէ աղմուկը կարգավորել, գոնե աղմուկի մեջից դուրս բերել ռացիոնալը, ինչը շատ կարևոր է և ինչի բացթողումը հնարավորության բացթողում է:

Նորայր Նորիկյան – Շնորհակալ եմ, պարոն վարչապետ: Շնորհակալ եմ հրավերի համար: Ես, անկեղծ ասած, անկախ արդյունքներից, մեր նկատմամբ հանրության կողմից վստահությունից, թույլ տվեք ասել, որ կարևոր եմ համարում պատմական այս շրջափուլը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համատեքստում՝ մեր ժողովրդի կողմից արտահայտված իրական տրամադրությունների առումով: Այնուամենայնիվ, շնորհավորում եմ մեր ժողովրդին և անձամբ Ձեզ: Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին թե՛ մեր օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունը, բնականաբար, շատ կարևոր և պատասխանատու առաքելությամբ պետք է իրականացնեն խորքային գործընթացներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ բեկում իրականացնելու և առաջ շարժվելու համար:

Համաձայն եմ այն դիտարկման հետ, որ 2020թ. նոյեմբերից հետո, մեր երկիրը իսկապես գտնվում էր որոշակի ճգնաժամի մեջ: Դուք երեկ արձանագրեցիք, որ այդ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Համաձայն եմ այդ գնահատականի հետ: Տեսնում եմ առաջիկա տարիներին պետականաշինության լրջագույն անհրաժեշտություն՝ կառավարման համակարգի, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման:

Պարոն վարչապետ, չգիտեմ, ինչքանով հնարավոր եք համարել հետևել իմ հրապարակային գործունեությանը: Ձեր իշխանության գալուց հետո մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահել դատաիրավական համակարգի հանգամանքը: Հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր պետության և հասարակության «աքիլլեսյան գարշապարն» է: Ես խորապես, հիմա առավել ևս համոզված եմ, որ մեր սերնդի պարտքն է ուղղակիորեն այդ ոչ ֆորմալ բարքերն արմատախիլ անել այդ ոլորտից, իսկ ընդհանրապես պատասխանատու, անաչառ, ազնիվ դատական համակարգ կառուցել, և ընդհանրապես պետական ինստիտուտներում արդարության միջավայրը ձևավորել: Հավատում եմ այդ գաղափարին, ես իսկապես գտնում եմ, որ մենք արժանի հասարակություն ունենք: Գտնում եմ, որ կարող ենք այդ գործընթացը պատվով իրականացնել և տանել առաջ, առավել ևս, որ ուրիշ այլընտրանք էլ չունենք: Եթե մենք այս անգամ ձախողենք և հանրային կյանքի այդ ինստիտուտները չկարողանանք կարգի բերել, լրջագույն խնդիրներ կունենանք հետագայում:

Այս քարոզարշավը նաև ինձ համար էր առաջին մեծ փորձը քաղաքականության մեջ առաջին դեմքով ներկայանալու համար: Անկեղծ եմ ասում՝ ինձ համար բացահայտումները շատ էին՝ մարդկային հարաբերությունների էությունը ճիշտ հասկանալու: Կուզենայի որպես քաղաքացի ուղղակի իմ դիտարկումներն անել: Ես տեսա վարչական ռեսուրսի օգտագործում ՏԻՄ մակարդակով և հասկացա, թե ինչպես կարող է սաբոտաժը ՏԻՄ համակարգերում աշխատել: Տեսա, թե նրանց կապը հանցավոր որոշակի շրջանակների հետ, ոնց է աշխատում այդ մեխանիզմը: Ցավոք, իմ կարծիքով, անկախ քաղաքական ինչպիսի իրադրություն էլ լինի, մենք ուղղակի պարտավոր ենք արմատախիլ անել այդ ոչ ֆորմալ ազդեցությունները: Ուղղակիորեն դա մեզ պատիվ չի բերում: Մեր հասարակությանը պատիվ չի բերում, որ ներողություն արտահայտությանս, հանրության մեջ, այսպես ասած, կասկածելի հեղինակություն ունեցող անհատները փորձում են ազդեցություն ունենալ և միջամտել ընտրական գործընթացներին: Տեսնում եմ շատ աշխատանք մեր առաջիկա գործընթացում: Ես երբեք չեմ դասվել այն մարդկանց շարքին, որ կուզենային պետական իշխանությունը ձախողել: Ճիշտ հակառակը՝ դա մեծ վնաս է հասցնում: Համարում եմ, որ սա շատ լավ հնարավորություն կարող է ստեղծել մեր հանրային կյանքում հանրային համերաշխություն ձևավորելու, մթնոլորտը ձևավորելու համար: Կներեք, կարող է այլ ընկալում լինել, բայց կարծում եմ, որ ընտրությունների այս արդյունքը կարող է շատ ավելի կարևոր է, քան անգամ 2018թ. դեկտեմբերյան արդյունքը, որովհետև սա նաև որոշակիորեն հանրության գիտակցված կոնկրետ գնահատական է: Հիմա տեսնենք՝ ի գործ, ի աշխատանք:

«Արդար Հայաստան» կուսակցությունը նորաստեղծ է, ընդամենը չորս ամսվա: Մենք տեսնում ենք քաղաքական միջավայրը փոխելու, քաղաքական դաշտին նոր շունչ հաղորդելու անհրաժեշտություն: Պարոն վարչապետ, պատրաստակամ ենք մեր ուժերն ամբողջությամբ ներդնելու պետականաշինությամբ զբաղվելու համար: Շնորհակալ եմ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը հնարավորություններին վերաբերող հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930