Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում 7 տեղամասի փոխարեն 11-ն է եղել. Վահե Հակոբյան

Հունիս 22,2021 15:52

«Մենք հիմքեր ունենք մտածելու, կասկածելու, որ նաեւ ծրագրային միջամտություն է եղել: Եթե սա ծրագրային միջամտություն է, ապա սա համակարգային բնույթ է կրում՝ պետության կողմից եւ սա պետք է բացահայտվի»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ընտրությունների արդյունքների մասին:

Լրագրողի հարցը վերաբերում էր նրան, որ թե միջազգային, թե ԱՊՀ դիտորդները դրական են գնահատել ընտրությունների ընթացքը եւ հայտարարել են, որ եղած խախտումները չէին կարող արդյունքների վրա էական ազդեցություն ունենալ:

«Դիտորդները, ցավոք, չեն տեսնում, որ Վարչական դատարանը որոշում է կայացրել, որով ձայնի իրավունք ստացածներն ավելացել են 50 հազար մարդով: Դիտորդները չեն տեսնում նաեւ այն, որ ծրագրային միջամտության շնորհիվ ընդլայնվել է մատնահետքերի տվյալների շտեմարանը: Առայժմ միայն այսքանը կասեմ։ Մնացածի մասին կասենք Սահմանադրական դատարան դիմելուց հետո»,- հավելեց դաշինքի անդամ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։

Պատասխանելով Սյունիքում քվեարկությունների արդյունքներին վերաբերող հարցին էլ՝ նախագահ Քոչարյանն ասաց, որ զինվորականների քվեարկությունն էապես փոխեց պատկերը Սյունիքում. «Սոցցանցերում բազմաթիվ տեսանյութեր կային, թե ինչպես են զինվորներին տեղամասեր բերում, սպաները նրանց կողքին էին եւ հետեւում էին: Կան ապացույցներ, որ զինվորները ցույց են տվել, թե ինչպես են քվեարկում: Հանձնաժողովի անդամները չէին կարողանում սպաներին տեղամասերի տարածքներից հեռացնել»:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն էլ հավելեց, որ Սյունիքում իշխանությունները դիմել են զանգվածային սպառնալիքների քաղծառայողների նկատմամբ: Ըստ նրա՝ 7 տեղամասի փոխարեն 11-ն է եղել. «Մենք լուրջ կասկածներ ունենք, որ նույն զինծառայողները քվեարկել են մի քանի տեղամասում: Դրան գումարվում է այն, որ մենք չհասցրեցինք այցելել որոշ գյուղեր: Ուստի Սյունիքում արդյունքները եղան այնպիսին, ինչպիսին եղան»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ հավելեց, որ ընտրությունների նման արդյունքի պատճառներից մեկն էլ այն է, որ իրենց քաղաքական ուժն ազնիվ է ընտրողների հետ եւ չի զբաղվել պոպուլիզմով:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930