«Աշխատանքից ազատում չի եղել, ես ինքս եմ դիմում գրել ազատման մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սահակյանը՝ մեկնաբանելով մամուլում առկա տեղեկություններն այն մասին, թե առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հրահանգով իրեն ազատել են Մասիսի բժշկական կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից՝ «Պատիվ ունեմ» դաշինքին համակրելու եւ դաշինքի թեկնածու, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ լուսանկար հրապարակելու համար։
«Նման տեղեկությունները ենթադրություն են։ Ես ինքս եմ դիմում գրել։ Խնդիր չկա, ուղղակի դաշինքում եմ եղել, չէի կարող այդպես աշխատել»,-նշեց Արմեն Սահակյանը։
Նա հաստատեց՝ կուսակցական գործունեությամբ զբաղվելու պատճառով է, որ հրաժարվել է ԲԿ-ի փոխտնօրենի հաստիքից, սակայն շարունակում է հաստատությունում որպես բժիշկ աշխատել․ «Փոխտնօրենի հաստիքից եմ դուրս եկել՝ գիտակցելով, որ տարաձայնություններ կարող են լինել»։
Արմեն Սահակյանի խոսքով՝ հիվանդանոցում իր քաղաքական գործունեության հետ կապված որեւէ խոսակցություն չի եղել, տնօրենի հետ էլ ընկերներ են, միասին են աշխատել․ «Ուղղակի մարդ ենք․․․ես այս կողմում եմ, ինքն այն կողմում։ Մինչեւ հիմա էլ խնդիր չունեմ, բժիշկ եմ, իմ գործն եմ անում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ