Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության թեմատիկան ադրբեջանական ԶԼՄ-ներում տաբու է». մամուլի ազատության հարցը ԵԽԽՎ-ում

Հունիս 22,2021 14:42

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում հունիսի 22-ի լիագումար նիստի ժամանակ քննարկվեցին մամուլի ազատությանը, հանրային վստահությանն առնչվող հարցեր:

Իտալիայի ներկայացուցիչ Ռոբերտի Ռամպիի հեղինակած զեկույցում շեշտադրում է կատարված քաղաքացու՝ տեղեկացված լինելու իրավունքի վրա: Այստեղ կարևորվում է մամուլի ազատության հարցում հատկապես ազգային խորհրդարանների դերակատարությունը՝ մասնավորապես օրենսդրական դաշտի բարելավման հարցով: Կարևորվում է նաև կրթության դերը մեդիագրագետ հասարակության դաստիարակման հարցում:

Զեկույցով Վեհաժողովը մտահոգություն է հայտնում, որ անդամ պետությունների մեծ մասում չկան թափանցիկության ռեժիմներ, որոնք երաշխավորում են, որ քաղհասարակությունը, լրագրողները, ընդհանրապես հասարակությունը կարող են տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչպես են կայացվում որոշումները:

Ավստրիացի պատվիրակ Պետրա Բայերը մտահոգություն հայտնեց, որ շատ հաճախ կառավարության ներկայացուցիչները փոխանակ բարելավեն իրավիճակը, աշխատեն թափանցիկ, այսպես ասած յուղ են լցնում առանց այդ էլ լարված իրավիճակի վրա:

Ռուսական պատվիրակության անդամ Ալեքսանդր Բաշկինն էլ մտահոգություն հայտնեց, որ հատկապես արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ները մեծ դերակատարություն ունեն տեղեկատվության միջոցով մանիպուլյացիայի հարցում:

Ադրբեջանցի պատվիրակ Էրկին Գադիրլին վերապահումներով մոտեցավ զեկույցին՝ պատճառաբանելով, թե իր համար հասկանալի չեն մի քանի եզրույթներ՝ այդ թվում տեղեկացված լինելու իրավունքը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը հայտարարեց՝ կարևոր է հասկանալ այն դերակատարությունը, որը կարող են խաղալ ԶԼՄ-ները աշխարհում խաղաղության հաստատման գործում: Այնուհետև մանրամասնեց. «Օրինակ՝ եթե Ադրբեջանում ազատ լինեին ԶԼՄ-ներն ու լրագրողները, ապա իրավիճակն այլ կլիներ: Մեր ադրբեջանցի գործընկերները հպարտությամբ խոսում են հաղթանակի մասին, բայց պատկերացնո՞ւմ եք ինչպիսի իրավիճակ կլիներ, եթե Ադրբեջանում լինեին ազատ լրատվամիջոցներ, որոնք խոսեին խաղաղության մասին: Պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե Ադրբեջանում սև ցուցակում չհայտնվեին այն լրատվամիջոցները, որոնք Արցախ են այցելում: Խոսում ենք մամուլի ազատության մասին, սակայն պատերազմի օրերին ադրբեջանցիները հարձակվում էին լրագրողների վրա՝ հաշվի չառնելով, թե ինչ է գրված նրանց համազգեստի վրա: Օրեր առաջ ականատես եղանք, որ Ադրբեջանը հրաժարվել է հավատարմագրել հայկական ազգանուն ունեցող լրագրողներին Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լուսաբանման համար: Այս ամենը խոսում է այն մասին, որ խաղաղության թեմատիկան ադրբեջանական ԶԼՄ-ներում տաբու է»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով նաև Ադրբեջանը պետական մակարդակով սերմանում է հայատյացություն, այնուհետև օրինակ բերեց. «Երբ ադրբեջանցի քաղաքական գործիչը հայտարարում է, որ բոլոր հայերին Ղարաբաղում պիտի սպանել, բոլորը ադրբեջանական ԶԼՄ-ները դա տարածում են, երբ 13 տարեկան աղջիկն ասում է՝ ուզում է դիպուկահար դառնալ, որ վերացնի հայերին, սա մամուլում դառնում է թեմա»:

Նշենք, որ Վեհաժողովում նաև կոչեր հնչեցին WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ազատ արձակման առնչությամբ, նաև մտահոգություն հնչեց, որ անգամ BBC-ն, որն անկախ լրատվամիջոցի օրինակ է, երկրում գործող ավտորիտար համակարգի թիրախում է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930