«Հայաստան» դաշինքում դեռ հստակ որոշում չկա մանդատները վերցնել-չվերցնելու մասին: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այդ առիթով դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց իր անձնական կարծիքը՝ երեկվա քննարկումից Սեյրան Օհանյանի համեմատությունը բերելով. «Մարտական գործողությունների ժամանակ, եթե հիմնական խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես ինչ-որ խրամատներ, ապա այդ խրամատները դու ոչ միայն պետք է պահես, այլ ամրացնես՝ հետագա գրոհի համար: Հիմա պատերազմ չի, քաղաքական պայքար է եւ այդ համեմատությունը միգուցե ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել նաեւ այստեղ: Այո, ես համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ եւ նոր հնարավորություններ»:
Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ տրամադրված են շարունակել պայքարը եւ պառլամենտական պայքարը միայն ուժեղացնելու է փողոցային պայքարը, ոչ թե փոխարինելու է դրան:
Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, այս ընտրությունները էապես փոխեցին քաղաքական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լանդշաֆտը: «Հայաստան» դաշինքի մուտքը քաղաքական դաշտ նա համարում է ինչ-որ տեղ ցունամի: Ասաց, որ տեմպը պահելու են, քանի որ հնարավորությունները ունեն՝ թե մարդկային ներուժի, թե թիմի մտավոր կարողությունների առումով:
Հետագա գործիքակազմի կիրառման եւ առհասարակ քաղաքական հեռանկարների առնչությամբ էլ ասաց, որ իշխանության երեկվա հանրահավաքից տպավորություն է ստեղծվել, որ ոչինչ չի փոխվելու եւ իշխանությունը շարունակելու է աշխատել նույն ոճով, ինչ ոճով աշխատում էր անցած երեք տարիներին: Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, իշխանությունը այս քվեները ընկալել է, որ ժողովուրդը ուզում է, որ իրենք շարունակեն նույն ոճով, ինչպես արել են. «Իսկ եթե իրենք շարունակեն նույն ոճով, նույն վենդետաներով, ներքաղաքական լարվածությունը շարունակելով, ապա ես որեւէ կասկած չունեմ, որ Հայաստանը կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրությունների առջեւ եւ շատ երկար դա չի տեւելու»: Նա հիշեցնում է, որ 2018 թվականին այս իշխանությունը ունեցել է հնարավորություն սիրո եւ համերաշխության մթնոլորտում համախմբում իրականացնել եւ երկիրը տանել զարգացման, մինչդեռ արեցին ճիշտ հակառակը:
Կարդացեք նաև
Դաշինքում այժմ կաշխատեն խորհրդարանական աշխատանքի ռազմավարության մշակման վրա, բայց մեկ բան հստակ է՝ պայքարն ավելի ուժեղ է լինելու՝ օգտագործելով խորհրդարանի ամբիոնը: Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ակնհայտ կդարձնեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը, հատկապես պետական գնումների ոլորտում:
Երեկ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հաշտության ձեռք էր մեկնել հայաստանյան քաղաքական դաշտի դերակատարներին: Այդ ձեռքը բռնելուն վերաբերվող հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց հարցով. «Դուք իրո՞ք նկատել եք հաշտության ձեռք։ Ես՝ չեմ նկատել»: Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այս իշխանությունն այնքան է ստել, որ նրան հավատալն ուղղակի հնարավոր չէ, 44 օր ստած իշխանությունը հիմա ինչ-որ նոր բաներ է ասում եւ անմիջապես իրենից հետո մեկ ուրիշը լրիվ հակառակն է ասում. «Կարծում եմ, սա ոճ է դիտորդներին կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար։ Ավելի շատ՝ դրսի աշխարհին։ Եթե իրենք իսկապես նման տրամադրություն ունեն, ապա պետք է առնվազն մի վեց ամիս պահեն իրենց այդ ոճով, որ գոնե մի քիչ հավատ ներշնչեն, որ դա իրենց իրական ցանկությունն է։ Չեմ կարող հավատալ, երբ այս պահին մեր հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին ուզում են տանել կալանքի՝ մի անհեթեթ մեղադրանքով։ 5000 զոհի մեղավոր և պատասխանատու դարձած անձինք փորձում են կալանավորել մի բժշկի, որ հազարավոր կյանք է փրկել։ Սա այս իշխանության իրական դեմքն է»: Նիկոլ Փաշինյանի կոչերն ըստ Ռոբերտ Քոչարյանի, իրենց համար զրոյական արժեք ունեն։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ