Աշխարհի 180 երկրում արդեն կատարվել է կորոնավիրուսի դեմ 2,6 միլիարդ դեղաչափ պատվաստում, օրական՝ մոտ 40 միլիոն։ Այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի սրահում ասաց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
Նա ասաց, որ Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ 65,719 պատվաստում է իրականացվել, որից 53 հազարն առաջին դեղափաչ․ «Սա ընդհանուր բնակչության 2%-ն է, եւ սա նշանակում է, որ տարածաշրջանում ամենավերջին տեղում ենք։ Սա շատ վատ ցուցանիշ է, եթե այս միտումներով գնանք, ապա այն նպատակը, որ մենք կարող են կոլեկտիվ իմունիտետ ստեղծել՝ հաշվի առնելով նաեւ հիվանդացածներին եւ պատվաստվածներին, սահմանափակումները հանենք եւ այլն, դրա համար երկար ժամանակ կպահանջվի»։
Ըստ Գայանե Սահակյանի, օրական կատարվում է մոտ 1500 դեղաչափ պատվաստում, սակայն նախկինում կատարվում էր մոտ 2000 պատվաստում։ ՛
Նա պատվաստումների նվազման հնարավոր պատճառ նշեց․ «Գուցե այն պայմանավորված է, նախորդ ալիքներից մեր փորձը հաշվի առնելով, մեր հարաբերական կայուն համաճարակային իրավիճակով։ Օրինակ՝ ապրիլ-մայիս ամիսներին օրական մոտ հազար դեպք ունեինք կորոնավիրուսով վարակված նոր դեպքերի, եւ մարդիկ ահաբեկված շտապում էին պատվաստվել, եւ մեր օրական կտրվածքով 1800-2000 պատվաստում էինք իրականացնում, այն էլ առաջին դեղաչափ: Այսօր հարաբերական կայուն է, դեպքերի կտրուկ աճ չունենք»։
Կարդացեք նաև
Սակայն մասնագետը հավաստում է՝ վարակման վերարտադրման ցուցանիշն է աճել, իսկ սա նշանակում է, որ առաջիկայում հնարավոր է վարակի տարածման 4-րդ ալիքը գրանցվի։ «Վարակի դեմ պայքարի միակ եւ հիմնական գործիքը պատվաստումն է։ Մենք պետք է կարողանանք այս երկու շաբաթում հատկապես ռիսկի խմբի քաղաքացիներին խրախուսեք, որպեսզի անպայման պատվաստվեն»,-ասաց տիկին Սահակյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ