Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների օրը ապօրինի 5 կրպակ է տեղադրվել, որոնցից 2-ը ոստիկանների ներկայությամբ. Հայկ Մարության

Հունիս 22,2021 14:14

«Արդեն հասել են նրան, որ աշխատանքային օրերին եւս մարդիկ հանդգնում են ապօրինի խանութներ ու կրպակներ տեղադրել կանաչ գազոններում: Շատ ենք խոսել այս ամենի մասին եւ լսել ենք՝ օրենքի բացի մասին: Պարո՛ն քաղաքապետ, 3 տարի է լինում՝ ինչ ղեկավարում եք քաղաքապետարանը եւ այս օրենքը դեռեւս բաց է»,-այսօր Երեւանի ավագանու նիստում, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը:

Գայանե Եղիազարյան

Խոսքն, ըստ Գայանե Եղիազարյանի, Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում ապօրինի կրպակների շինարարության մասին է: Նրա խոսքով, ավագանու անդամները զբաղված մարդիկ են, ունեն այլ աշխատանք եւ չեն կարող քաղաքապետարանի համար օրենքներ գրել, նրանց գործառույթը քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատանքը վերահսկելն է. «Քաղաքապետարանն ունի վարչություն, որը 3 տարվա մեջ պարտավոր էր այս օրենքի բացն աշխատանքով լրացնել: Եթե կա օրենքի բաց, կառավարությունը, ԱԺ-ն քաղաքապետարանը պետք է օր ու գիշեր չքնեն եւ այդ օրենքի բացը լրացնել, սա անթույլատրելի է: Երեք տարի այս ուղղությամբ ոչինչ չի արվել: Երբ խոսում ենք վարչական շրջանի ղեկավարի հետ, նա օրենքից դուրս ոչինչ չի ուզում անել, այսինքն՝ օրենքում չկա մի կետ, որը պաշտպանում է համայնքային հողե՞րը: Ի՞նչ է նշանակում՝ վախենում են դատվելուց: Էլ ինչի համար են վարչական շրջանի ղեկավարները, եթե չպետք է պաշտպանեն համայնքի հողը: Մենք չունենք համայնքից գողերին հող տալու: Էս քաղաքը մերն է ու մենք կպաշտպանենք»:

Ի պատասխան՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց՝ եթե ավագանու անդամը ժամանակ չունի դրանով զբաղվելու, թող վայր դնի մանդատը, ուրիշները կզբաղվեն, որովհետեւ ավագանու հիմնական գործառույթներից մեկն օրենսդրական փոփոխությունների վրա աշխատելն է: Ապա հավելեց. «Այո, ո՛չ վարչական շրջանի ղեկավարը, ո՛չ քաղաքապետարանը օրենքից դուրս չի գործելու: Իմ քաղաքապետ գալուց 2-3 ամիս անց մշակված օրենքի նախագիծն ուղարկվել է կառավարությանը, որը նախատեսում է, որ համայնքային եւ պետական հողի վրա այսուհետ ոչ մի ինքնակամ շինություն չի օրինականացվելու: Սա հստակ նախագիծ էր, որը կանգնեցնելու էր ապօրինի շինարարությունը ամբողջ Հայաստանում: Այդպես էլ այդ որոշումը չի ընդունվել: Ես չգիտեմ պատճառները»:

Հայկ Մարությանը հիշեցրեց, որ եղել են դեպքեր, երբ վարչական շրջանի ղեկավարները քանդել են ապօրինի շինությունները եւ նրանց դեմ հարուցված է քրեական գործ:

«Գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում: Այդ սխեմաներում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներում աշխատում են՝ սկսած տարբեր տիպի մարմիններից, վերջացրած դատարաններով: Մենք ունեցել ենք դեպքեր, որոնք տեղի են ունեցել գիշերը: Մեր աշխատակիցներից 8 հոգի եւ 3 ոստիկան ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակից են եղել 40-50 հոգի մարդ: Մեր աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են կանխել, իրենք զինված են եղել տարբեր տիպի մահակներով, դանակներով, եւ ուղղակի չեն կարողացել կանգնեցնել դա: Դա եղել է 7-8 օր առաջ, ոստիկանության ներկայությամբ: Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ է տեղադրվել, որոնցից երկուսը ոստիկանների ներկայությամբ: Քանի որ ոստիկանական ուժեր չկային, զբաղված էին ընտրությունների անցկացման ապահովմամբ, չեն կարողացել դրա դեմն առնել»:

Ըստ Հայկ Մարությանի, սա համակարգային հարց է ուժայինների ԱԱԾ-ի, դատախազության հետ կապված հարց է. «Նրանք, որոնք օրենքը խախտել են, շատ հստակ իրենց վրա կզգան օրենքի ամբողջ ուժը: Գործողությունները չեն ուշանալու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930