Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանությունները կշարունակեն Ռուսաստանի հետ գործակցությունը բոլոր ուղղություններով:
«Ես հույս ունեմ, որ և՛ Հայաստանը, և՛ Հայաստանի նոր ղեկավարությունը շահագրգռված կլինեն շարունակելու տնտեսական, քաղաքական և արտաքին քաղաքական գործակցությունը ՌԴ-ի հետ, այդ թվում միջխորհրդարանական գործակցությունը»,- ասել է Մատվիենկոն մամուլի ասուլիսում:
Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանը կշարունակի գործակցությունը Հայաստանի նորընտիր խորհրդարանի հետ:
«Ինչ վերաբերում է անցած ընտրություններին, ապա դրանց մասին առայժմ կարելի է խոսել նախնական: Դուք գիտեք, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ հրապարակված չեն, բայց նախնական տեղեկատվությամբ հայտնի է, որ հաղթել են այն քաղաքական ուժերը, որոնց հետ ՌԴ-ն աշխատել է վերջին տարիներին, որոնց հետ ձևավորված են աշխատանքային շփումներ , աշխատանքային գործակցություն, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում»,- ասել է Մատվիենկոն:
Կարդացեք նաև
Նա կարևորել է, որ ընտրություններում պարտված քաղաքական ուժերն ամեն ինչ լուծեն խաղաղ ճանապարհով՝ երկխոսությամբ և գործակցությամբ, որպեսզի հնարավորինս արագ կառավարություն ձևավորվի: «Դա կարևոր է ցանկացած պետության համար: Դե իսկ խորհրդարանական գործակցության մասին առայժմ վաղ է խոսել. երբ վերջնականապես ձևավորվի խորհրդարանը, մենք շահագրգռված ենք, որպեսզի հնարավորինս շուտ ձևավորվի խորհրդարանական գործակցություն»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ