Ա1+. Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Այս մասին հունիսի 22-ին Հաղթանակ զբոսայգում լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռուսաստանն ի սկզբանե արել է և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի գերիների վերադարձն իրականացվի և գործընթացն այս ուղղությամբ առաջ գնա: Այստեղ մեծ է անձամբ գեներալ Մուրադովի՝ խաղաղապահ ուժերի հրամանատարի դերը: Այս հարցով զբաղվում են նաև Ռուսաստանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը: Բայց դա այդքան էլ հեշտ չէ, այս խնդրի լուծումը մեծ ջանքեր է պահանջում», – շեշտեց ռուսաստանցի դիվանագետը:
Դեսպան Կոպիրկինը դժվարանում է ասել՝ Հայաստանում քաղաքական վերջին պրոցեսի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտվելը կակտիվացնի՞ արդյոք գերիների վերադարձի գործընթացը, բայց ամեն դեպքում ևս մեկ անգամ ընդգծում է, որ խնդիրը Ռուսաստանի մշտական ուշադրության կենտրոնում է, և աշխատանքն այս ուղղությամբ շարունակվելու է:
Անդրադառնալով նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ 15 հայ գերիների վերադարձին՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանն ասաց, որ Մոսկվան ողջունել է այդ քայլը՝ ավելացնելով, որ այդ փոխանակումն էլ, իր կարծիքով, տեղի չէր ունենա, եթե չլիներ ռուսական կողմի և ռուսաստանյան խաղաղապահների նախապատրաստական և շատ շոշափելի աշխատանքը