Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը կրակեց հեղափոխության վերջին փամփուշտը. Ռոբերտ Քոչարյան

Հունիս 22,2021 13:53

«Պետք է խոստովանել, որ արդյունքներն անսպասելի էին մեզ համար, անսպասելի էին շատ-շատերի համար, առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր: Նաև նույն «Գելափի», որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ համակրանքների մեջ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է փորձեն այս ամենի բացատրությունը գտնել:

Նա շնորհակալություն հայտնեց իրենց ձայն տված քաղաքացիներին՝ ասելով՝ «հպարտ եմ, որ այդպիսի ընտրազանգված ունենք, որ այդպիսի ժողովուրդ ունենք մեր թիկունքին»:

Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ենթադրում են, որ այնուամենայնիվ, եղել են զանգվածային խախտումներ, արձանագրվել է վարչական ռեսուրսի զանգվածային կիրառում, ինչի պատճառով քվեարկության արդյունքները կվիճարկեն ՀՀ Սահմանադրական դատարանում։ Այս պահին շտաբների կողմից հավաքագրվում են նյութերը, իրավաբանները կաշխատեն ՍԴ դիմելու փաթեթի վրա, մի քանի օրից ավելի հստակ կլինի դիմումի ծավալը:

«Համոզված եմ, որ այն մանդատը , որը ստացել է այս իշխանությունը, դա այս իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ: Մեր բոլոր հանդիպումները եղել են եւ ավելի մարդաշատ, եւ շատ ավելի հզոր էներգետիկայով, քան իշխանության բոլոր հավաքները: Իմ տպավորությունը, որ այնուամենայնիվ, աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը եւ այդ գործոնը էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին ակտիվ ընտրություններին՝ երկուսը ընտրացուցակներ գլխավորելով, երրորդը՝ շատ ակտիվ քարոզարշավի մասնակցելով: Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը կարճ էր եւ հատկապես գյուղական վայրերում քիչ հանդիպումներ ենք ունեցել: Եթե նկատել եք, իշխանությունը շատ ավելի մեծ արդյունքներ է գրանցել գյուղական վայրերում: Կարծում եմ, մեկ- երկու շաբաթ ավելի երկար քարոզարշավ ունենալու պարագայում մենք կկարողանայինք փոխել այդ պատկերացումը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ այս հանգամանքից ելնելով՝ մարդիկ վերջին պահին գնացին եւ քվեարկեցին այս իշխանության օգտին:

«Սա երեւի հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց չեմ կարծում, որ իշխանությունը ճիշտ է գնահատում իրավիճակը: Իրենք ավելի մտածում են, որ սա նոր մանդատ է իրենց համար, բայց սա հակառակ կողմից եկող մանդատն էր»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա անդրադարձավ նաեւ հետընտրական քննարկումներին՝ կրել-պարտվելու մասին, ասաց, որ իրենց կողմնակիցների տրամադրությունների անկում էլ է նկատել. «Սա նախագահական ընտրություններ չեն, որտեղ մրցանակը մեկն է՝ կա հաղթող եւ պարտվող: Խորհրդարանական ընտրություններում, պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան»:

Ռոբերտ Քոչարյանը ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ քարոզարշավում «Հայաստան» դաշինքի եւ իր դեմ աշխատող կուսակցությունները շատ քիչ տոկոսներ են հավաքել: Սա նրանք համարում են իրենց հաղթանակը: Ռոբերտ Քոչարյանի համար անհասկանալի են ՀԱԿ-ի, Լուսավոր Հայաստանի եւ ԲՀԿ-ի հավաքած ցածր տոկոսները: Կարծում է, այս արդյունքները խորը վերլուծության կարիք ունեն:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930