Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հեղափոխությունը երկրորդ փուլ է թևակոխում. «Կոմերսանտ»

Հունիս 22,2021 13:44

Հայաստանում հայտարարվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք կոչված էին հանել երկիրը 2018թ. թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և նրա ընդդիմադիր, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև ամիսներ տևած դիմակայությունից:

Քվեարկության օրը անսպասելի հաղթանակ տարավ Նիկոլ Փաշինյանը, որն ապացուցեց ընդդիմության մոտ զարգացման ռազմավարության և ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո խաղաղության բանաձևի այլընտրանքի բացակայությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզիչ հաղթանակը երկրորդ հնարավորություն է տալիս անցկացնել տնտեսական բարեփոխումներ և երկարաժամկետ կտրվածքով կարգավորել հարաբերություններն Ադրբեջանը հետ: Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթում հրապարակված «Հայկական հեղափոխությունը» երկրորդ փուլ է թևակոխում» խորագրով հոդվածում նման եզրակացության է եկել վերլուծաբան Սերգեյ Ստորկանը:

Ամիսներ տևած քաղաքական պայքարի ինտրիգը, որի գագաթնակետը դարձան հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները, կոտրվեց հանկարծակի՝ լույս երկուշաբթի գիշերը: Արդյունքները շատերի համար անսպասելի էին, կարծում է թերթը:

«Նախօրեին հրապարակված քվեարկության արդյունքների հարցումների դինամիկան ցույց էր տալիս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջատար ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի գլխապտույտ թռիչք: Այդ քաղաքական ուժը սկզբում միայն հազիվ էր հասնում իշխանության «Քաղաքացիական պայմանագրին, իսկ հետո իր մասսայականությամբ առաջ անցավ նրանից»,- գրում է թերթը՝ վկայակոչելով նախօրեին  Gallup International կազմակերպության և «ՌԻԱ Նովոստիի» հարցման արդյունքները, որոնցում առաջատարը Քոչարյանն էր:

Թերթը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր առաջին ելույթում ցուցադրական ժեստ է կատարել Ռուսաստանի ղեկավարությանը: «Ես շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին այն աջակցության համար, որ նրանք ցուցաբերել են Հայաստանին և հայ ժողովրդին»,- մեջբերում է թերթը Փաշինյանի խոսքերը:

Գնահատելով ընտրությունների արդյունքները, «Կոմերսանտի» հետ զրուցած փորձագետները կարծիք են հայտնել, որ դրանք փաստացի դարձել են պատերազմի և խաղաղության հանրաքվե, որի ընթացքում ընդդիմությունը, որը շեշտը դնում էր պատերազմական ռևանշի վրա, այդպես էլ չկարողացավ լայն աջակցություն ստանալ ընտրողների շրջանում:

«Ռուսաստանում շատերի համար ընտրություններն անսպասելի էին, սակայն այդ անսպասելիությունը պայմանավորված էր կամ կասկածելի հարցումներով, կամ փորձագետների գնահատականներով, որոնք ավելի շուտ հանդես էին գալիս որպես քաղաքական ուժերից մեկի կողմ, և ոչ թե օբյեկտիվ գնահատական էին տալիս իրավիճակին»,- թերթի հետ զրույցում ասել է Հետխորհրդային և միջտարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Գուշչինը:- Ընտրությունները ցույց տվեցին, որ հին էլիտան և նրա առաջնորդներն ի վիճակի չեղան համախմբել հասարակությանը անգամ ղարաբաղյան երկրորդ պատերազմում ռազմական պարտության դժգոհության ալիքի ֆոնին: Հանրության բացասական տրամադրությունների նշաձողը «նախկինների» նկատմամբ չափազանց բարձր էր, այն դեպքում, երբ Փաշինյանի ընտրազանգվածը առավելագույն կերպով մոբիլիզացված էր: Ընդ որում, առավել կարևոր է այն, որ Ղարաբաղի խնդրի սակրալացումը և ազգային ռևանշի գաղափարը, պարզվեց, պահանջված չեն հանրության լայն շերտերի կողմից, որոնք նախընտրեցին այլ առաջնահերթություններ: Բացի այդ, մեծամասնությանը հասկանալի էր, որ Հարավային Կովկասում իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի շուրջ արդեն ձևավորված, թեկուզ և չափազանց փխրուն, միջազգային կոնսենսուսի պայմաններում Հայաստանի նոր հին իշխանությունները, անգամ եթե հաղթեին ընտրություններում, հազիվ թե կարողանային իրավիճակը փոխել հօգուտ իրենց»:

Մեկ այլ փորձագետ՝ Քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ֆյոդորովը թերթի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի ընտրությունները ցույց տվեցին, որ հանրությունն աջակցում է Մոսկվայի միջնորդությամբ մշակված խաղաղության ապագայի բանաձևին: «Եթե կարգավորման ընթացքը շարունակվի, Ռուսաստանի համար դա կնշանակի հնարավորություն՝ չեզոքացնելու երկարաժամկետ անկայունության պոտենցիալ վտանգավոր օջախն իր հարավային սահմաններում: Ընդ որում, Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայության նվազեցման ընթացքը պետք է թեթևացնի Բաքվին Եվրասիայի ինտեգրացիոն գործընթացներում ներգրավելու խնդիրը»,- ասել է Ֆյոդորովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930