Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում զինված ուժերին զանգվածաբար ուղղորդել են տեղամասեր: Այսօր լրագրողները ԳՇ պետ Արտակ Դավթյանին հարցրեցին, թե այս մեղադրանքներին ինչպես է արձագանքում: Նա պատասխանեց. «Գիտեք, ամեն դատարկ բան մեկնաբանելն էլ է դժվար: Իրենք շատ լավ հասկանում են, որ սովորույթի ուժով ուղղակի ասում են դա: Այն տեսահոլովակը, հայտարարությունը, որը տարածվել է համացանցում, դրա հետ կապված ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ: Որեւէ հաստատող նյութ մենք չտեսանք: Եթե կան կոնկրետ նյութեր, իրավապահ համակարգը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, թող ներկայացնեն եւ իրավապահ համակարգը կտա գնահատական: Միեւնույն ժամանակ իրենց կառաջարկեմ՝ եթե չկարողանան ապացուցել, հաստատել, գոնե ներողություն խնդրեն զինված ուժերից, որպեսզի մերկապարանոց հայտարարություններ չհնչեն»:
Արտակ Դավթյանն ասաց, որ իրավական գործընթացներ են ընթանում, եթե մի փաստ ունեն, թող դիմեն:
Անդրադառնալով պատերազմի ժամանակ դավաճանության դեպքերին՝ Դավթյան ասաց, որ ՊՆ-ն հանձնաժողով է ստեղծել, քննում է հանգամանքները: Իսկ դավաճանության դեպքերի մասով քրգործեր են հարուցված: Հարցին՝ Շուշիի, Հադրութի մասով դուք պատասխաններ ունե՞ք, ինչո՞ւ այդպես հեշտ Շուշին հայտնվեց հակառակորդի ձեռքում՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Չասենք հեշտ է: Մենք ուսումնասիրություն անում ենք, ես չեմ կարծում, որ կարճ ժամկետում դրա վերջնական պատասխանը կտանք: Յուրաքանչյուր դրվագի, յուրաքանչյուր մեղադրանքի հետեւում կանգնած են կենդանի մարդիկ, կամ մեր զինծառայողները, որոնք կա՛մ պետք է պատասխանատվություն կրեն, կամ այդպիսի մեղադրանքը պետք է մերկապարանոց չասվի»: Դավթյանն ասաց, որ դասեր են քաղում ու այդ մասով վերջնական եզրակացություն չունեն:
Սամվել Բաբայանը կլինի՞ ՊՆ նախարար՝ Արտակ Դավթյանն ասաց, որ նման լուրեր չունի ու իր իրավասություններից դուրս է, չի մեկնաբանում:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք նշանակվել եք անցումային շրջանում, քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումից հետո հնարավո՞ր է հանեն ձեզ՝ Դավթյանը պատասխանեց, որ ծառայում է այնքան, մինչեւ կլինի նման որոշում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ