Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չի, որ հակառակորդից ինչ-որ խումբ մտել է մեր տարածք ու մեր անասուններին գողացել». ԳՇ պետը չափազանցված է համարում լուրերը

Հունիս 22,2021 13:17

ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելու մասին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԳՇ պետ Արտակ Դավթյանը հարցին՝ դա իրատեսակա՞ն է, կարո՞ղ է պրոֆեսիոնալ բանակը ապահովել մեր անվտանգությունը՝ եղած իրողությունները հաշվի առնելով՝ պատասխանեց. «Բավականին երկար ժամանակ քայլեր ենք իրականացում մասնագիտական, պրոֆեսիոնալ բանակի անցկացնելու ուղղությամբ, բայց 100%-ով մենք չենք անցնելու: Համենայնդեպս, մոտ երեւացող ժամանակահատվածում այդպիսի ծրագրեր չկան: Քայլերը արվել են եւ շարունակում են արվել, բայց զորակոչից մոտ ժամանակներս հրաժարվելու որեւէ նախադրյալ չկա»:

Դավթյանն ասաց, որ բանակի մարտունակությունն են փորձում հիմա բարձրացնել, հատկապես՝ ղեկավարման համակարգի, կորցրած ռազմական տեխնիկայի հետ կապված, ուսումնասիրում են պատերազմի փորձը:

Հարցին՝ տեղեկություն կա, որ Գեղարքունիքում, մասնավորապես՝ Շորժայի հատվածում մենք խրամատներ ենք փորում, բայց շենք-շինությունները մնում են թշնամու տարածքում, հնարավո՞ր է մենք նոր տարածքային զիջումների ենք գնում, ի՞նչ է լինելու այդ հատվածի ճակատագիրը, ինչո՞ւ է կրկին նահանջ կատարվում մեր տարածքների հաշվին՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Բանակցություններ ընթանում են, մեր տարածքում ոչ մի զիջում չենք պատրաստվում կատարելու, զիջումներ չեն լինելու: Հույս ունենք հարցը կկարգավորվի բանակցային գործընթացով, բանակցություններով հարցը չկարգավորվելու դեպքում՝ որոշումներ կկայացվեն»:

Հարցին սկզբնական օրերին, երբ ադրբեջանական զինված ուժերը նոր էին ներխուժել մեր տարածք, անընդհատ միջադեպեր էին լինում, հիմա՞ էլ են լինում ու դրա մասին չեն ասում, թե՞ հիմա այլեւս միջադեպեր չեն լինում՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Միջադեպերը այն ծավալով, որը նախկինում կար, այս պահի դրությամբ չկա: Դա առաջին հերթին պայմանավորված է բանակցային գործընթացով, որը ակտիվ գնում է: Բանակցային գործընթացը չվնասելու համար էտապները չեն հայտարարվում, վերջնական արդյունքը կլինի՝ կներկայացնենք»:

Հարցին՝ շատ հաճախ ադրբեջանցիները կրակում են գյուղացիների ուղղությամբ, նրանց անասուններին են գողանում, այս հարցն ինչպե՞ս պետք է լուծվի՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, մեր գյուղացիների ուղղությամբ հակառակորդի կրակոցների վերաբերյալ մի քիչ չափազանցված է: Մի մոռացեք, որ այսքան տարի մեր սահմանամերձ մյուս հատվածներում՝ Բարեկամավան, Բերդավան, Խաչիկը, մյուս բնակավայրերում այսքան տարի հակառակորդի հետ կարողացել ենք իրականացնել խնդիրները, բայց հիշում եք, Նոյեմբերյանի տարածաշրջանում անասնագողությունները շատ էին, հիմա վերացվեցին, չկան: Այնպես էլ հիմա, որ ասում եք անասնագողություն, այն տեղեկատվությանը, որին ես տիրապետում եմ, անասունները ուղղակի իրենք են արածելու ժամանակ անցել այն ուղղության վրա, բանակցություններից հետո որոշակի մասը կամ տվել են, կամ դրանց վերաբերյալ աշխատանքներ տարվում են: Այսինքն, այնպես չի, որ հակառակորդից ինչ-որ խումբ մտել է մեր տարածք ու մեր անասուններին գողացել: Իհարկե, շատ ցավալի է տվյալ իրավիճակը, որը ստեղծվել է: Դրա շուրջ բանակցություններ են, որ իրավիճակը կարգավորենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930