«Հայոց հայրենիք»-ը մի քանի ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Հայոց հայրենիք» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Անահիտ Եղոյանը, քաղաքացիներն ընտրել են կուսակցությանը, սակայն քվեները չեն արձանագրվել․ «Քաղաքացիները վստահ են, որ ընտանիքով ընտրել են, սակայն այդ տեղամասերում զրո ձայն է արձանագրվել։ Այդ տեղամասերում վստահված անձինք չենք ունեցել, այլ քաղաքացիներն են ասել, որ ընտրել են, սակայն թվերը նայելուց հետո արձանագրել ենք, որ զրո ձայն է։ Քաղաքացին պնդում է, որ մեզ է ընտրել»։
Անահիտ Եղոյանի խոսքով՝ համատարած խնդիր էր այն փաստը, որ իրենց քվեաթերթիկները դրված չեն եղել հանձնաժողովականների սեղաններին․ «Երեւի կես ժամը մեկ ահազանգել եմ ԿԸՀ-ին, որ այսինչ ընտրատեղամասում մեր քվեաթերթիկները չկան։ Քրեակատարողական հիմնարկներից էլ ահազանգեր ունեցանք, որ դատապարտյալներին չեն իջեցնում քվեարկության։ Սրանից ավելի էլ ի՞նչ խախտումներ լինեին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ