Ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն
Իշխանության ձևավորման միակ սահմանադրական և քաղաքակիրթ ձևը ընտրություններն են, որտեղ Հանրապետության բոլոր քաղաքացիները, անկախ իրենց բնակության վայրից, սոցիալական խավից, ստացած կրթությունից և կենսամակարդակից, ունեն հավասար ձայն և իրավունքներ. այստեղ չի կարող լինել որևէ այլ տեսակետ։
Մեր ունեցած տեղեկություններով 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները անցել են ժողովրդավարության սկզբունքներին համաձայն. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բավականին հստակ արտահայտել են իրենց կամքը։
Օրինականության սահմաններում ընտրության արդյունքները ընդունելի են իրենց ժողովրդավարական և քաղաքակիրթ համարող բոլոր ուժերի համար, անկախ այդ արդյունքներում կուսակցությունների գրանցած ձեռքբերումներից։
Քաղաքացիների տեսակավորումը կամ պիտակավորումը, ըստ իրենց քաղաքական հայացքների զազրելի և պարսավելի նախաձեռնություն է։
Կարդացեք նաև
Մենք կոչ ենք անում զսպվածության, ողջամտության և քաղաքակիրթ լուծումների։ Մեր հանրությունը վերջին տարիներին բախվեց աննախադեպ քանակությամբ մարտահրավերների և դրանք դեռ շարունակվելու են։ Լուծման մեկնակետը մենք տեսնում ենք զսպվածության և ողջամիտ համախմբվածության մեջ։
Կոչ ենք անում ամեն տեսակի բռնության բացառման։ Բոլոր հարցերը և տարաձայնությունները պետք է լուծվեն բռնության բացառմամբ։ Բռնության ցանկացած փորձ և դրսևորում համարում ենք պետական դավաճանությանը հավասար գործողություն, և իրավապահ համակարգից պահանջում ենք համապատասխան մոտեցում։
Ընտրությունները և դրանց արդյունքները անայլընտրանք են, ժողովրդի կամարտահայտությունը իշխանության կոթողային հիմքն է։
Քաղաքական այս շրջափուլն ավարտվեց, այժմ բոլորս պետք է լծվենք իրավիճակի կայունացմանը, պատրաստվենք նոր շրջափուլին, ու հաջորդ ընտրություններին, որոնք, կարծում ենք, նույնպես լինելու են արտահերթ։
«Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցության կառավարող խորհուրդ