Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նախապես չմիավորվեցին անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը. 12 տոկոս փոշիացած ձայն. «Հրապարակ»

Հունիս 22,2021 12:13

Շուրջ 12 տոկոս՝ շատ վճռորոշ ձայներ (որն օգնեց Նիկոլ  Փաշինյանին՝ խորհրդարանական մեծամասնություն կազմել) փոշիացան ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժերի պատճառով, որոնք չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը։ Փոքր, նորաստեղծ կուսակցություններ, որոնց սկզբից եւեթ զգուշացնում էին՝ առանձին-առանձին հանդես գալու դեպքում ձայները փոշիանալու են, հավաքվեք, խոշորացեք։

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր հասցեին ուղղված այդ մեղադրանքը չի ընդունում․ «Մենք խոշորացման կողմնակից ենք եղել, մեզ ոչ ոք չի առաջարկել խոշորանալ։ Այնպես որ, դա մեզ չի վերաբերում»։

«Ազատ հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ ասաց․ «Մենք 5 կուսակցությունների դաշինք ենք, եւ 6-րդ կուսակցությունը մեզ միացել էր ընտրությունների ժամանակ։ Եվ մենք մեր կողմից արեցինք ամենը՝ հնարավորինս քաղաքական դաշտը համախմբելու համար։ Եվ եթե որեւէ մեկն այսօր կանչվի քաղաքական պատասխանատվության, ապա մենք ամենավերջինն ենք այդ շարքում։ Եվ նույնիսկ դրա պատճառով մեր քարոզարշավի մեկնարկը մի փոքր ուշացավ»։

«Լուսավոր Հայաստանից» Քրիստ Մարուքյանն ասաց․ «Ես կուսակցության անունից այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց երբ կա խորհրդարանական ուժ, եւ իրեն ասում են՝ միացիր արտախորհրդարանական ուժերի հետ, այդտեղ ես տրամաբանություն չեմ տեսնում։ Ու երբ մենք նույն ձեւի բան ենք անում, երրորդ կուսակցություններից ոչ մեկը նման կոչով հանդես չի գալիս, որ «միացեք «Լուսավոր Հայաստանին»»։

«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը եւս իրենց մեղավոր չի համարում․ իրենք այն ուժն են, որի ընտրողները ո՛չ Նիկոլին էին ձայն տալու, ո՛չ Քոչարյանին, ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին։ Եվ այն ձայները, որ այս երկու ուժերը ստացել են, «5165»-ի նախագահի խոսքով՝ «չեն ընտրել իշխանությանը»։ Իսկ Քոչարյանին ձայն են տվել, որ չլինի Նիկոլը, եւ Նիկոլին ձայն են տվել, որ չգա Քոչարյանը։ «Ի հեճուկս եւ ոչ թե հանուն։ Մենք որեւէ մեկից ձայն չենք խլել, որովհետեւ մեր ընտրողները ո՛չ Քոչարյանին էին ընտրելու, ո՛չ Նիկոլին։ Իսկ մենք քաղաքական ասպարեզ ենք մտել «հանուն»»։ Իսկ ինչո՞ւ չմիավորվեցին ազգայնական ուժերի դաշտում՝ «Բեւեռ», «Զարթոնք» եւ այլ ուժեր։ Կարին Տոնոյանն ասում է․ «Դեռ հարց է, թե մեզանից ով է ազգայնական։ Բայց, ինչեւէ, ամեն մարդ ունի քաղաքական պայքարի իր ձեւը»։ Ավելացրեց՝ իրենք գիտեին, հասկանում էին, որ հեշտ չի լինելու։ Հիմա էլ պատրաստվում են հաջորդ ընտրություններին՝ պատմությունը չվերջացավ, ավելին՝ Կարին Տոնոյանը վստահ է, որ պայքարը նոր-նոր է սկսվում։

ԲՀԿ-ն նշված՝ փոքր եւ նոր կուսակցությունների շարքից չէ, բայց այս քաղաքական ուժի պարագայում տեղի ունեցավ աննախադեպ բան՝ չհաղթահարեց անցողիկ շեմը։ «Ոչինչ»,- ի պատասխան ասաց Արման Աբովյանը։ Իսկ ընդունո՞ւմ են, որ եթե «էն գլխից» չհայտարարեին, որ առանձին են գնում, գուցե այլ ուժերի կազմում մտնեին ԱԺ։ «Եթե, ապա» վերլուծություններն Արման Աբովյանը ճիշտ չի համարում։ Հարցին, թե ընդունո՞ւմ են ընտրությունների արդյունքները, Արման Աբովյանն ասել էր, որ եղել են բազմաթիվ ընտրախախտումների փաստեր, որոնք կուսումնասիրեն եւ ըստ այդմ՝ կընդունեն որոշում։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930