Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Սարգսյան. «Մինչև 2050 թվականը թուրքական ծրագրերը կիրականացնեն: Սրանք ընտրություններ չէին: Սա կապիտուլյացիայի լեգիտիմացում էր». «Փաստ»

Հունիս 22,2021 11:11

Փաստաբան, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Անահիտ Սարգսյանի հետ զրուցել ենք թե՛ նախընտրական, թե՛ բուն ընտրական գործընթացի մասին, անդրադարձ կատարել նաև ճնշումներին:

«Ընտրությունները խայտառակ էին: Կարծում եմ՝ նման ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չեն եղել: Իհարկե, մենք գիտենք, որ միշտ էլ ընտրախախտումներ, ընտրակաշառք, ընտրակեղծիքներ եղել են, բայց այս որակի ու այս մասշտաբների երբեք չեն եղել: Եվ խոսքը միայն բուն քվեարկության օրվա մասին չէ: Խախտումները նույնիսկ մինչև նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկն են սկսվել, երբ վարչական ռեսուրսի չարաշահմամբ աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը մարզից մարզ էին գնում ու քարոզչություն էին իրականացնում: Խախտումները բազմաթիվ են: Քրեական օրենսգրքով նախատեսված բոլոր խախտումներն առկա են եղել այս քարոզարշավի ընթացքում»,-ասաց Անահիտ Սարգսյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին բերման ենթարկելու, որոշ դեպքերում քաղաքական ուժերի կողմից նաև առևանգում որակումը ստացած դեպքերին՝ մեր զրուցակիցը նշեց. «Սկսենք նրանից, որ այս իշխանությունների համար մարդու իրավունք հասկացություն գոյություն չունի, իրենց մոտ միայն «իրենց թիմի իրավունք» կա: Կուսակցության ղեկավարը, որը հավակնում է վարչապետի պաշտոնին, իր նախընտրական քարոզչությունը բեմերում մուրճով իրականացրեց: Հաշվի առնենք նաև ընդդիմադիր ուժերի տներում, ընտրական շտաբներում իրականացրած խուզարկությունները, մարդկանց առևանգումները: Անգամ չի կարելի ձերբակալում իրավական տերմինն օգտագործել, որովհետև ձերբակալումը տեղի է ունենում որոշակի հիմքերի առկայության դեպքում, որոշակի պայմաններում, և ձերբակալվածի տեղի մասին գոնե իր փաստաբանն իմանում է: Այս դեպքերում փաստաբանները ո՛չ գիտեին այդ մարդկանց տեղը, ո՛չ էլ նրանց առևանգելու պատճառները: Էլ չեմ խոսում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ իրականացված բռնի գործողությունների մասին, երբ լրագրողներին արգելում էին մոտենալ հանրահավաքի վայրին, վիրավորում ու քաշքշում էին նրանց: Մեծ հաշվով՝ մարդու իրավունքի մասին խոսելն ավելորդ է»:

Անահիտ Սարգսյանն ընտրությունների ընթացքում արձանագրված դեպքերը դիտարկեց ավելի լայն՝ այս իշխանության անցած երեք տարիների քաղաքականության տրամաբանության մեջ: «Այս պահից սկսած ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու: Խոսքը դեռ 2018 թ.-ին սկսված ու հատկապես նոյեմբերի 9-ից հետո խորացած ճգնաժամի մասին է: Ինչպես ասում են՝ «это еще цветочки, а ягодки будут потом»: Այդ ճգնաժամը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության կորստին»,-ասաց նա:

«Այո, մինչև 2050 թվականը թուրքական ծրագրերը կիրականացնեն, ու ինչպես դարերի ընթացքում կորցրինք ծովից ծով Հայաստանը, մի քանի տարվա ընթացքում էլ կկորցնենք մի փոքրիկ Հայաստանը, եթե, իհարկե, հանկարծ չհայտնվի Հայաստանում մի Նժդեհ, մեկը, որը կառաջնորդվի ոչ թե օտար ուժերի, գերտերությունների հրամայականներով ու հանձնարարականներով, այլ բացառապես հայ ազգային շահերով: Մեզ պետք է մի հայ, որը կառաջնորդի հայ հասարակությանն ու կփորձի փրկել այն վերջին կտորը, որը մնացել էր ծովից ծով Հայաստանից»,-նշեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով ու գնահատելով ընտրությունների արդյունքները՝ նա հավելեց. «Սրանք ընտրություններ չէին: Սա կապիտուլյացիայի լեգիտիմացում էր, սա ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմացում էր»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930