Ամերիկյան վերլուծաբանները Ամերիկայի ձայնին տված հարցազրույցներում խոսում են Հայաստանի ընտրությունների ու հետագա զարգացումների մասին
«Ամերիկայի ձայն». 2021 թ. հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված կարճ ժամանակահատվածում: Այնուհանդերձ, դրանք աչքի են ընկել ինտենսիվ սուր բևեռացվածությամբ և առանցքային մասնակիցների միջև սադրիչ հռետորաբանությամբ, ասված է միջազգային դիտորդական առաքելության ամփոփիչ հայտարարության մեջ: Ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական դաշինք կուսակցությունը ՝ ստանալով ձայների մոտ 54 տոկոսը: Իր հերթին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որը ստացել է ձայների ավելի քան 21 տոկոսը, չի ընդունում արդյունքները և պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան:
Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկու կարծիքով Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակն ավելի մեծ էր, քան սպասվում էր: Վերլուծաբանին նույնպես մտահոգում է այս ընտրություններում հնչած հռետորաբանությունը, որում, ըստ նրա, մեծ դեր է ունեցել նաև Փաշինյանը: Ըստ Սթրոնսկու՝ միջանձնական լարված հարաբերությունները, մասնավորապես Փաշինյանի ու Քոչարյանի միջև, ևս մտահոգիչ են, սակայն ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիները նայում են դեպի ապագան, նշում է Սթրոնսկին:
«Կարծում եմ, որ արդյունքները խոսում են այն մասին, որ հայերը ձգտում են դեպի ժողովրդավարամետ քաղաքական կողմնորոշում: Նրանք ցանկանում են ունենալ ավելի հաշվետու կառավարություն, և չեն ցանկանում վերադարձ դեպի անցյալ»,- նշում է Սթրոնսկին:
Կարդացեք նաև
Իր հերթին German Marshall Fund կառույցի վերլուծաբան Ջոնաթան Կացը կարևորում է Հայաստանում կայացած ընտրությունների արդար և ազատ բնույթը: Դրանք որոշիչ էին այս դժվար տարում Հայաստանի ապագայի տեսանկյունից, նշում է վերլուծաբանը:
«Այսպիսով` հայերը ձգտել են ուժեղ ժողովրդավարական ղեկավարության: Նրանք ցանկանում են ունենալ թափանցիկ կառավարում»,- շեշտում է Կացը:
Վերլուծաբանները համակարծիք են, որ նոր կառավարության առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, ներառյալ անվտանգությունն ու տնտեսական ծանր վիճակը:
«Փաշինյանն առերեսվում է դժվար խնդիրների: Մի կողմից՝ ագրեսիվ Ադրբեջան, մյուս կողմից՝ Ռուսաստան, որը շատերի սպասվածի չափով հուսալի դաշնակից չէ: ԱՄՆ-ը և Եվրոպան մշտապես հեռու են, սակայն կարծում եմ, որ ճիշտ է Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ ժողովրդավարական ուղու զարգացման շարունակումը, հատկապես այսօր՝ Բայդենի վարչակազմի օրոք, որը ժողովրդավարությունը, ժողովրդավարական կառավարումն ու մարդու իրավունքները դնում է ամերիկյան ներգրավվածության առաջնագծում»,- ասում է Սթրոնսկին:
Ջոնաթան Կացը ևս կարևորում է Արևմուտքի հետ Հայաստանի կապերի խորացումը՝ շեշտելով՝ Հայաստանը Հարավային Կովկասում ժողովրդավարության լավ օրինակներից է:
«Հայաստանը, որպես ժողովրդավարություն, բաց է ավելի մեծ ներգրավվածության և ավելի բեղմնավոր ներգրավման ԵՄ-ի, ԱՄՆ-ի, մյուս գործընկերների հետ»,- ընդգծում է Կացը:
Իր հերթին Նյու Յորք Թայմս պարբերականը Էնդրյու Քրամերի հեղինակությամբ հոդվածում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի հաղթանակն այս ընտրություններում ազդարարում է առնվազն հայկական կողմի՝ անցյալ տարվա աշնանն Ադրբեջանի հետ բանակցած խաղաղ կարգավորման ցավալի ընդունման մասին: