Այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը ավելի խորացավ: Եթե արտահերթ ընտրություններ են հայտարարվում, որպեսզի քաղաքական ճգնաժամը հաղթահարվի, ապա այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը չհաղթահարվեց: Անդրադառնալով ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին ու նախնական արդյունքներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Այս ընտրությունների ժամանակ չափազանց մեծաթիվ ընտրախախտումներ են եղել: Ընդ որում, թե՛ ընտրությունների և թե՛ ընտրություններին նախորդող օրն աննախադեպ էր ոստիկանական միջոցների օգտագործումը: Երբեք նման քանակությամբ ոստիկանների ներգրավում, ինչպես նաև բերման ենթարկելու դեպքեր չեն եղել: Իհարկե, նաև դասական ընտրախախտումներ արձանագրվեցին՝ սկսած ընտրողներին ուղղորդելուց, մամուլի վրա ճնշումներից և այսպես շարունակ: Այս ամենը ցույց տվեց, որ իշխանությունը պահելու համար այս իշխանությունը ոչնչի առջև չի կանգնի, և դրա համար էլ ընտրակեղծիքների շատ լայն սպեկտոր կիրառվեց: Ընդ որում, որոշ ընտրակեղծիքներ զուտ լոկալ նշանակության էին, որոշ ընտրակեղծիքներ էլ համակարգային, որոնք նախօրոք մշակվել էին ու կիրառվեցին ընտրությունների ժամանակ»,-ասաց զրուցակիցը:
Անդրադառնալով ընտրությունների մասնակցության ցուցանիշին՝ քաղաքագետը նշեց, որ այն բավականաչափ բարձր էր. «Հաշվի առնենք, որ 49,4 տոկոսը վերաբերում է 2 583 823 հազար ընտրողներին, մինչդեռ իրականում Հայաստանում այդքան ընտրող չկա: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ իրական ընտրողների թիվը ոչ ավելի, քան 2 մլն է: Այդ դեպքում մասնակցության այդ 49,4 տոկոսը կաճի մինչև 60-70 տոկոս, ինչը ցածր չէ: Այսինքն, կարելի է ասել, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարողացան մոբիլիզացնել հասարակությանը, որ նրանք ընտրությունների գնան»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում