Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ հաջողության երկու հիմնական պատճառները

Հունիս 22,2021 10:00

Եկեք գոնե հիմա իրատես լինենք. կիրակի օրն անցած ընտրություններում Փաշինյանի հաջողությունը հնարավոր չէ բացատրել միայն ընտրակեղծիքներով եւ վարչական ռեսուրսով: «Հավելյալ բոնուս» իշխանությունը ստանում է միշտ եւ, ի դեպ, հենց այդ է պատճառը, որ իշխանությունը Հայաստանում հնարավոր չէ փոխել ընտրությունների միջոցով: Բայց, մասնագետների պնդմամբ, այս «բոնուսը» ընտրողների մոտ 10-15 տոկոսն է: Եթե անգամ նրանց հանենք, ապա միեւնույն է, կստացվի, որ մոտ կես միլիոն ընտրող միանգամայն անկեղծորեն եւ բացառապես իր կամքով ձայնը տվել է այն ուժին, որը երկիրը հասցրել է ամոթալի պարտության եւ ազգային նվաստացման: Թե ինչու է դա տեղի ունեցել, բնականաբար, մեկ հոդվածի կամ նույնիսկ մեկ գրքի թեմա չէ: Այստեղ փորձեմ երկու նախնական նկատառում հայտնել:

Առաջին պատճառը, որն իրավացիորեն նշվում է շատերի կողմից, այն է, որ որպես Փաշինյանի հիմնական մրցակից ընկալվում էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ հասարակական վերաբերմունքը հիմնականում բացասական է: Քոչարյանի անունը մարդիկ կապում են անազնիվ ճանապարհով ձեռք բերված միլիոնավոր դոլարների, հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի եւ շատ այլ դառը հիշողությունների հետ: Չգիտեմ, թե որքանով են այս բոլոր մեղադրանքները հիմնավորված. բոլոր դեպքերում 2008 թվականի մարտի 1-ին 10 հոգի իսկապես սպանվել է Երեւանի փողոցներում, եւ այդ ժամանակ երկրի ղեկավարը Քոչարյանն էր: Գուցե նա իրեն պատասխանատու, բայց մեղավոր չի զգում, բայց այդ արդարացումները գոնե ինձ համար համոզիչ չեն: Բացի վերը թվարկածից, Ռոբերտ Քոչարյանը տարբեր մարդկանց մոտ զանազան բացասական ասոցիացիաներ է առաջացնում: Այդ թվում՝ ինձ մոտ: Բայց ես, բացի Փաշինյանից եւ Քոչարյանից, տեսնում էի նաեւ այլ քաղաքական ուժեր, իսկ մեր ընտրողների մեծ մասը՝ չէր տեսնում: Այնպես չէ, իմ կարծիքով, որ նրանք Փաշինյանին ինչ-որ հանճարեղ ղեկավար են համարում: Բայց նրանք ավելի շատ են վախենում Քոչարյանի վերադարձից, քան Փաշինյանի վերարտադրությունից:

Ներկայիս իշխանության հաջողության մեկ այլ պատճառն այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, անկախ այն հանգամանքից, որ ձեւականորեն ընտրարշավ էին անցկացնում, իրական շփման մեջ չէին մտնում ընտրողների հետ, իսկ հոգու խորքում, երբեմն նաեւ՝ համացանցում, նրանց բնութագրում էին որպես «ժեխ»: Վստահության քվե «ժեխից» ուզելը, համաձայնեք, փոքր-ինչ տարօրինակ է: Այո, «մեծամասնության ստվերում» մարդիկ իրենց ավելի ապահով, ավելի հարմարավետ են զգում: Դա նորմալ է, օրինաչափ է. մեղադրել նրանց եւ հոգու խորքում կարծել, որ «ահա ես այդպիսին չեմ»՝ աններելի մեծամտություն է:

Իշխանությունը վերարտադրվեց, բայց դա ամենեւին չի նշանակում, որ նրան հեշտ կլինի պետություն ղեկավարել: Իսկ թե ինչու՝ դրա մասին վաղվա հոդվածում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Garo says:

    Հենց միայն էն որ ՔՊ-ն Երևանում 42տոկոսա հավաքել, իսկ մարզերում 60+ որոշներում 70-ի մոտ ապացուցումա որ ընտրությունները կեղծվել են.
    Հին բարի ժամանակներում էլ իշխանությունը հաղթում էր հիմնականում հեռավոր գյուղերում մարզերում տոկոս խփելով.
    Ուղղակի ԱԱԾ, Դատախազություն ու ընկերներ գյուղապետերին կանչել են ու պարտադրել տոկոս խփել ՔՊ-ի օգտին հակառակ դեպքում սպառնալով քրեական գործեր հարուցել.
    Ընտրությունների արդյունքը որոշվելա դրանով քվեարկության օրից շատ առաջ.

    Երևանի արդյունքը մոտա ՔՊ-ի ռեալ ռեյտինգին. 35-40տոկոս կան որ կընտրեն Քպ եթե անգամ թուրքերը Սևանը գրավեն. Մնացածը կեղծած ձայներնա.

    Հիմա 15տոկոս ձայն եթե կեղծել են ուրեմ ընտրությունները կեղծված են.

  2. Armen says:

    Վերջապես մեր հասարակության մեջ սկսում է ծիլեր տալ այն բացարձակ ճշմարտությունը, որ ինքն է որոշողը իշխանության հարցում:
    Միաժամանակ պարզվեց, որ «ժեխը» համեմատած «էլիտայի» հետ, ավելի անշահախնդիր է իշխանության ընտրության(կյանքը ցույց է տալիս որ ցանկացած) հարցում:
    Իմ համոզմամբ չլիներ 1998-2018թթ. հիշողությունը՝ ՔՊ-ն կզրկվեր իշխանությունից:

    • Garo says:

      Ժեխը ընտրումա ժեխ իշխանություն. Ժեխը պատերազմի ժամանակ թաքնվումա ու իր ընտրած վախկոտ ժեխ իշխանության հետ միասին հանձնումա երկրի 25տոկոսը.

      Ես շատ ուրախ կլինեմ, որ Ադրբեջանում հեղափոխություն լինի ու ժեխը սկսի իշխանություն ընտրել.
      Էտ դեպքում վստահ եմ, որ ընդեղ քաղաքացիական պատերազմ կսկսվի ժեխերը մի քանի խմբի բաժանված կսկսեն իրար ուտել ու մենք դրանից լավ կօգտվենք.

  3. Ալֆրեդ says:

    44 օրյա պատերազմի ու հազարավոր զոհերի համար նիկոլը իրեն մեղավոր չի համարում, ծիծաղելի կլիներ, եթե Քոչարյանը մարտի 1ի համար իրեն մեղավոր համարեր:

  4. Լավատես says:

    Այսօրվա պետական համակարգը ամբողջ աշխարհում իրեն լիովին սպառել է եւ այլեւս արդիական չէ, բայց եւ նորն էլ դեռ չի ծնվել: Թող նախկին հներն ու նոր հները իրենց ապազգային մանկլավիկային գործը հին պետականության տեխնոլոգիայով տանեն, իսկ իսկական ազգային ուժերը թող միավորվեն եւ մշակեն պետականության նոր ժամանակակից սերնդի տեխնոլոգիա եւ դուրս մղեն հնին՝ այսօրվա ապազգային մանկլավիկությանը: Բայց ինչ էլ հնարվեն, միեւնույնն է, մինչեւ ժողովրդի սերն ու հավատն ու վստահությունը ձեռք չբերվի, ոչինչ չի ստացվի: Այսուհետ ժողովրդի հետ ամենասերտ հարաբերությունները պետք է ունենալ, գնալ ամեն մեկի տունը, համակարգել բոլոր խնդիրները եւ դրանց համակարգային լուծում տալ եւ կրթել, դաստիարակել, պաշտպանել յուրաքանչյուր ընտանիք, ազգային ուժ՝ նշանակում է դառնալ ազգի ծնողը: Այս լիքը կուսակցությունների ու նախաձեռնությունների մեջ տեսանք լիքը մաքուր ազգային ուժեր, մնում է նրանք մի ընդհանուր ռազմավարական պլան մշակեն ու համատեղ գործեն: Մեզ մոտ ժողովրդավարությունը չի գործում, որովհետեւ բացակայում է տեղական ինքնակառավարման կառույցների քաղաքական սուբյեկտայնությունը, իրականում, հենց այդ կառույցներն են ձեւավորում վերտեղական կառույցը, որն էլ հենց պետությունն է, հենց այդ քաղաքական դիմագիծ ունեցող ՏԻՄերն են կոչվում քաղաքացիական հասարակություն, իսկ այդ ՏԻՄերը վերընտանիքային կառույց են, որոնք էլ հոգում են իրենց կազմի մեջ մտնող ընտանիքների հոգսերը: Ով շուտ հնարի ավելի արդյունավետ պետական կառավարման համակարգ, նա էլ հնարավորություն կունենա իր արդիական համակարգը տարածել իր տարածաշրջանում եւ իր տարածաշրջանից դուրս եւ դառնալ համաշխարհային արքայություն: Ժամանակի մեջ նույնպես:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930