Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը հաղթահարված է եւ ավարտված». Նիկոլ Փաշինյան

Հունիս 21,2021 23:20

Հանրապետության հրապարակում հրավիրած հետընտրական հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց`քարոզարշավի մեկնարկին ասում էինք`ժողովուրդը ցույց կտա, որ իր դեմ խաղ չկա եւ ժողովուրդը ցույց տվեց դա. «Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը`«այսինքն ժողովուրդը», հաղթել է Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Արարատի մարզում, Արմավիրի մարզում, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզում, Լոռվա մարզում, Տավուշի մարզում, Գեղարքունիքում, նույնիսկ Կոտայքի մարզում, եւ Երեւան մայրաքաղաքում: Հաղթանակ արձանագրվել է Երեւանում, Գյումրիում, Մեղրիում, Կապանում, Իջեւանում, Էջմիածնում, Արմավիրում»:

«Ես հույս ունեմ, որ մենք այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը հաղթահարված է եւ ավարտված: Մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ իրենց թիմին տրվել է երկում օրենքի եւ իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ`օրինական, ժողովրդավարական ընտրություններում, ինչն արձանագրել են դիտորդները: Նա կիսում է դիտորդների գնահատականը, որ քարոզչության ընթացքում ագրեսիվ հռետորաբանություն է կիրառվել, բայց չի ցանկանում քննել`ով սկսեց եւ ինչու: Միայն կոչով դիմեց Հայաստանում քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցներին. «ՀՀ ժողովուրդը կայացրել է իր որոշումը: Հայաստանի ժողովուրդը ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ եւ նոր քաղաքական իրադրություն, որի առաջին կետը եւ հանգրվանը հետեւյալն է`ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին սկսել մի պարզ կետից`վերջ դնել հայհոյախոսությանը, որովհետեւ  Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում եւ մենք պետք է այդ էջը սկսենք ազգային եւ հանրային ներուժի համախմբմամբ, նոր արժեքների`իրապես ժողովրդավարական, ազգային եւ պետական արժեքների հաստատմամբ: Ես ասում եմ, որ ինքս էլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, գուցե`ստիպված, կամա, թե ակամա չեմ խուսափել այդ տրամաբանությունից, բայց ես առաջինը ստանձնում եմ այդ պարտավորությունը եւ կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին  վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետեւ մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք եւ մենք պետք է մեր պետականության կառուցման այս նոր եւ հրաշալի էջը բացենք»:

Նա ասաց, որ սա բնավ չի նշանակում, որ նախկինում ստանձնած որեւէ պարտավորությունից ետ են կանգնում ու Հայաստանում այլեւս լինելու է «անառարկելի օրինականություն, պատասխանատվության անխուսափելիություն»:

Նիկոլ Փաշինյանը հանրային կյանքի «հայտնի» մասնակիցներին երկրորդ առաջարկը արեց. «Դուք գիտեք, որ ժողովրդից գողացվածի վերադարձը մեր հրատապ օրակարգն է միշտ եղել: Նախորդ երեք տարիների ընթացքում մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, չնայած կարող էինք: Ցանկացել ենք, որ երկրում գործեն ինստիտուտներ, որոնք դուրս կլինեն անձերի եւ անհատների քմահաճույքից: Այսօր արդեն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը գործարկված է, որը անխուսափելի գործելու է: Բայց ես ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարդկանց`կարող են բանակցել պետության հետ`գողացվածը ինքնակամ վերադարձնելու համար, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց`հենց այսօրվանից չկորցնել հնարավորությունը եւ չհասնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել»: Այդ գումարներն, ըստ նրա, կծառայեն, ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ վաղվանից քաղաքական խորհրդակցություններ կսկսի ընտրություններին մասնակից այն ուժերի հետ, որոնք երկխոսելու ցանկություն կունենան: Նաեւ հակադրություն ունեցած ուժերին համախմբման ձեռք մեկնեց`հավելելով, որ դա իշխանությանը չի կաշկանդի ժողովրդի տված պողպատե մանդատը կիրառելու`օրենքի եւ իրավունքի դիկտատուրա հաստատելու համար:

Նա երկխոսության կոչով դիմեց նաեւ երկրի հոգեւոր առաջնորդներին. «Որովհետեւ հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, խորհրդարանական ընտրություններում՝ ես դեռ Արարատի մարզում հանդիպումներից մեկում էի ասել, «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո», և Աստծո ձայնին առավել ևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի: Մենք պետք է նորոգենք հոգեւոր կյանքը նույնպես»:

Ասաց, որ հավատարիմ է մնում Արցախի խնդրի կարգավորմանը`«անջատում`հանուն փրկության» բանաձեւի շրջանակում եւ, որ ՀՀ-ն Արցախի երաշխավորն է ու չի ստացվելու հակադրություններ սերմանել ՀՀ-ի ու Արցախի միջեւ: Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ Արցախում բնակարանաշինության 100 միլիարդ դրամի ծրագիր է մեկնարկել, ինչը ավելին է, քան մինչ օրս արված բոլոր ծրագրերը:

Հարթակում Նիկոլ Փաշինյանին խորհրդանշական «պողպատե մանդատ» նվիրեցին`ՀՀ Սահմանադրության տեսքով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930