Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ վարչապետին տվեցիք այս սուրը` իրականացնելու արդարադատություն». Մխիթար Հայրապետյան

Հունիս 21,2021 22:20

«687 հազար 414 քաղաքացի վստահության քվե է տվել, պողպատե մանդատ է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Սա խիստ պարտավորեցնող է, բայց նաեւ ձեր հաստատակամությունն է, որ փոխանցվել է մեզ»,- այսօր կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետընտրական հանրահավաքում հայտարարեց Սուրեն Պապիկյանը`հավելելով, որ իրենք նաեւ իրենց քվե չտված քաղաքացիների իշխանությունն են, որ ՀՀ-ում գործելու է օրենքը, որի առաջ բոլորը հավասար են լինելու`«դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

Սուրեն Պապիկյանն ասաց, որ քարոզարշավի ընթացքում բազմաթիվ նամակներ եւ ահազանգեր են ստացել, որ տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններում եւ «բոլոր հնարավոր տեղերում, որտեղ նախկինի ուրվականներն ու իրենց համախոհները ունեցել են հնարավորություն», մարդկանց պարտադրանքի, աշխատանքի իրավունքից զրկելու եւ այլ ձեւերով, փորձել են հօգուտ իրենց քվե ստանալ: Հիշեցրեց, որ քանիցս են ասել`հունիսի 20-ից հետո գնալու են այդ մարդկանց ետեւից. «Դա ամենեւին նախընտրական խոստում չէր, դա ՀՀ քաղաքացու իրավունքի վերականգնման մասին էր: Ես անձամբ, վաղվանից, ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքի վերականգնման եւ հիմա այս ամբիոնից պահանջում եմ`բոլոր այն գործատուներին, որոնք թույլ են տվել խախտումներ, կամ կատարել են քայլեր, որոնց համար հաստատ արդեն փոշմանել են`հենց վաղը`առավոտ 9-ից սկսեք վերականգնել մարդկանց իրավունքները»:

ՔՊ անդամ Հայկ Կոնջորյանն էլ հրապարակում հավաքվածների «խանդավառ աչքերում» տեսավ «Հայաստանի վերածնունդը, Հայաստանի բաբախող սիրտը»: Երեկվա հաղթանակը նա պատմական որակեց եւ համարեց «ապագայի հաղթանակը`անցյալի նկատմամբ»:

Ելույթ ունեցավ նաեւ Մխիթար Հայրապետյանը: Ասաց`կարոտել էր Հանրապետության հրապարակում ելույթ ունենալուն: Նա շնորհակալ է, որ նորագույն պատմության ծանր էջերից մեկն ապրելով`ՔՊ համակիրները մնացին ուժեղ ու իրենց թիմին վստահող: Նա ելույթի ընթացքում վերցրեց Ֆեմիդայի`հունական արդարադատության դիցուհու  արձանը, խոսեց դրա խորհրդանիշների մասին եւ ասաց. «Երեկ վարչապետին տվեցիք այս սուրը`իրականացնելու արդարադատություն`օրենքի ողջ խստությամբ, լինել անհանդուրժող`հանցանքի, մեղքի, հանցագործության նկատմամբ եւ ես ասում եմ, որ մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը եւ արդեն վաղը, առավոտյան ժամը 9.00-ից, մենք սկսելու ենք գործել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930