Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ քաղաքացու դեմ խաղ չկա». Նազելի Բաղդասարյան

Հունիս 21,2021 21:30

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հետընտրական հանրահավաքը Հանրապետության հրապարակում մեկնարկեց Հայաստանի հիմնով եւ մեկ րոպե լռությամբ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հարգելով: Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի եւ թիմակիցների ուղեկցությամբ հանրահավաքի եկավ կառավարության շենքից`«Նիկոլ վարչապետ», «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումների, ուռաների, ծափերի եւ սուլոցների ներքո:

Հանրահավաքը բացեց Սուրեն Պապիկյանը`ողջունելով «ՀՀ իրավատեր ու հպարտ քաղաքացիներ» քաղաքացիներին ու մեջբերեց Նիկոլ Փաշինյանին` ասելով «սիրում եմ բոլորիդ»: «Երեկ ՀՀ քաղաքացին կատարեց պատմական առաքելություն: Երեկ մենք վերահաստատեցինք, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին, որ ժողովուրդն է որոշում ու տնօրինում իր ու երկրի ճակատագիրը: Հայաստանում այլեւս փակված է արատավոր երեւույթների`ժողովրդին ստրկացնելու, վախեցնելու, կաշառելու մեթոդով վերարտադրվելու գործընթացը: Երեկ մենք միասին վերահաստատեցինք 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները: Երեկ մենք ցույց տվեցինք, որ չնայած մեր ունեցած խնդիրներին, մեր վերքերին, մենք ամուր ենք կանգնած մեր ոտքերի վրա եւ պատրաստ ենք շտկել մեր ողնաշարը ու սա ի լուր աշխարհի է, բոլոր կասկածողների, բոլոր նրանց, ովքեր այլ հույսեր էին փայփայում: Դուք երեկ բոլորի ծրագրերն ուղարկեցիք դեպի անցյալ, դեպի գրողի ծոցը եւ մենք միասին ազդարարեցինք, որ Հայաստանում ապագա կա»,- ասաց Սուրեն Պապիկյանը`հավելելով`«Նիկոլ վարչապետ»:

ՔՊ անդամ Նազելի Բաղդասարյանն էլ ասաց, որ քաղաքացին պետք է գիտակցի`սա քաղաքացիների հաղթանակն է, գիտակցի, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է քաղաքացիներին, իսկ իրենք ծառայել ու ծառայելու են ՀՀ-ին. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու քվեից բաղկացած է մեր հաղթանակը. այն ամուր է, այն կուռ է եւ այն արտացոլում է ՀՀ քաղաքացու ոգին եւ հաղթանակը: Սպառնալիքները, ահաբեկումները փոշիացված են մեր կամքի, մեր հաղթական ոգու շնորհիվ, որովհետեւ մենք միասնական ենք, հաղթական ենք եւ վերահաստատում ենք`Նիկոլ վարչապետ»:

Ըստ Նազելի Բաղդասարյանի, այս հաղթանակը վերահաստատում է, որ 2018-ի հեղափոխությունը բարձր արժեք էր եւ ՀՀ քաղաքացին հետամուտ է այդ  արժեքներին. «ՀՀ քաղաքացու դեմ խաղ չկա»:

Նազելի Բաղդասարյանը նաեւ ասաց. «Համերաշխության կոչ ենք անում ուժերին, մենք մեր երկրում թշնամիներ չունենք, լինենք միասնական, բայց միևնույն ժամանակ թույլ չտանք, որ որեւէ ուժ փորձի բռնանալ մեր կամքին ու ոգուն»: Ասաց`ծնկի է գալիս որդեկորույս ծնողների առաջ, ովքեր այս ծանր պահին կարողացան բարձր դասել Հայաստանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լա՛վ, իսկ Արցախը ձեզ ի՞նչ էր արել … Պահպանեիք մեր Փառապանծ Հաղթանակը, մեր Հպարտությունը, արժանապատվությունը և անցկացնեիք արտահերթ ընտրություններ, հաղթեիք և ասեիք այս խոսքերը: Այդ ժամանակ ձեզ կհասկանայինք …

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930