Լրահոս
Օրվա լրահոսը

Էքսկուրսիայի ժամանակ թունավորվածների առողջական վիճակը կայուն է

Հունիս 21,2021 20:50

2021թ. հունիսի 19-ին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) 16 քաղաքացի, որից  10-ը երեխա է, 6-ը՝ մեծահասակ: Հիվանդների վիճակը գնահատվել է ծանր և միջին ծանրության, հիվանդներից 2-ը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:

Ներկա պահին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդները դուրս են գրվել, իսկ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում հոսպիտալացված 2 երեխայի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Դեպքի կապակցությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները Տավուշի մարզի Չինչին համայնքի բնակիչներ են, ովքեր մեկնել են Լոռու մարզ՝ էքսկուրսիայի: Ճամփորդության ընթացքում մասնակիցները կերել են տնային պայմաններում պատրաստված սնունդ՝ հավի եփած թևիկներ և հավի մսով փլավ: Նշված սնունդը էքսկուրսիայի ամբողջ ընթացքում պահպանվել է ոչ սառնարանային պայմաններում: Սննդից չի օգտվել միայն վարորդը, վերջինս ախտանշաններ չունի։

Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում կատարվել է հիվանդներից կենսանմուշների (փսխման զանգված և կղանք) և սննդի մնացորդների  նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության նպատակով:

Հաշվի առնելով, որ շոգին մարդիկ հանգստանալու նպատակով հաճախ են լինում բացօթյա տարածքում կամ ճամփորդում, առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է՝ հանգիստը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու համար պահպանել մի շարք կարևոր կանոններ.

երեխաներին մի՛ տվեք այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար,

խուսափե՛ք աղցաններ օգտագործելուց, որոնք շոգ եղանակին շատ արագ փչանում են և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ,

ավտոմեքենայում սննդամթերքը մի՛ պահեք մեկ ժամից ավելի,

խուսափե՛ք հատապտուղներից և այնպիսի միրգ ու բանջարեղենից, որոնք արագ են փչանում՝ խաղող, բալ, դեղձ և այլն, գերադասելի են գազարը, տանձը և խնձորը,

կերե՛ք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ,

խորոված պատրաստելիս անպայման հետևեք, որպեսզի միսը լավ եփվի (ապահովե՛ք լրիվ թերմիկ մշակումը),

օգտագործե՛ք անձնական կամ մեկանգամյա օգտագործման սպասք և հիգիենայի պարագաներ,

խմե՛ք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված, խուսափե՛ք բնական աղբյուրների ջրից,

ստեղծե՛ք պայմաններ հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից հետո) և միրգն ու բանջարեղենը հոսող ջրով լվանալու համար,

մի՛ լողացեք անծանոթ և կասկածելի ջրամբարներում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930