Արցախի հանրային հեռուստատեսության նախկին գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, որը Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելուց որոշ ժամանակ հետո ազատվել էր հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնից, իր ամուսնու հետ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ են հայտարարել:
«Հուսահատ քայլ թող չհամարվի, բայց կարծում եմ, պայքարի բոլոր եղանակներն էլ ընդունելի են։ Մենք մեր քաղաքացիական դիրքորոշումն ենք հայտնում Արցախի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի վարքագծի նկատմամբ»,-հայտնել է Մերի Դավթյանը՝ հավելելով,- «Չեմ կարծում, որ նա բարոյական իրավունք ուներ արցախցիների անունից ողջունելու և շնորհավորելու հայաստանյան ընտրությունները, իսկ եթե միայն իր անունից է հանդես եկել, ապա դա հասցրել էր երեկ գաղտագողի անել, ինչպես տեսանք հայտնի տեսանյութում, երբ շտաբից դուրս գալիս ասում էր՝անձնական հարցով եմ Երևանում։ Դե, եթե չի հասկանում պետության և անձնականի շահերը որտեղ են սկսվում և հատվում, ապա ինչ իրավունքով է զբաղեցնում բարձրագույն պաշտոն»։
«Իհարկե չենք շարժելու նրա գութը… Երկիր հանձնելուց, հազարավոր տղաների զոհաբերվելուց հետո շարունակում է ապրել ու աշխատել, սա ինչ է, որ…պարզապես, ապավինում ենք երբևէ արդարադատության հաղթանակին», նշեց Մերի Դավթյանը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ