Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզը կունենա 1 կամ 2 պատգամավոր

Հունիս 21,2021 18:40

Շիրակի մարզը, որն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում իր մասնակցությամբ եղել է ամենապասիվը (226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 93 551–ը կամ 41,24 %–ը), կունենա ընդամենը 1-2 իշխանական պատգամավորներ։

Մարզն այս անգամ զրկվեց  ընդդիմադիր պատգամավորներ ունենալու հնարավորությունից, նախ այն պատճառով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի անցողիկ տեղերում շիրակցիներից և որևէ մեկն ընդգրկված չէր, իսկ  «Պատիվ ունեմ» դաշինքի Շիրակի մարզի շտաբի պետ, նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համամասնական ցուցակի 8-րդ տեղում է, որն անցողիկ չէ։

Նշենք, որ ըստ նախնական արդյունքների, մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝  71 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ և «Պատիվ ունեմ» դաշինք՝  7 մանդատ։

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անցողիկ տեղերում  Շիրակի մարզից  ընդգրկված են Ազգային Ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։  Նազելի Բաղդասարյանը, որն ակտիվ պատգամավորներից մեկն է, Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացավ գնահատականի՝ զբաղեցնելով ցուցակի 12-րդ տեղը։  Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը զբաղեցնում է 38-րդ տեղը։

Եթե մարզպետը հրաժարվի պատգամավորական մանդատից, անցողիկ տեղերում գտնվողներից մի քանիսը վերադառնան գործադիր աշխատանքի, Գյումրիից կընդգրկվի նաև համամասնական ցուցակի 72-րդ տեղը զբաղեցնող Էմմա Պալյանը։

Ինչևէ,  սա բացառիկ դեպքերից է, երբ  բնակչության թվով  հանրապետության երկրորդ մարզն այսքան քիչ պատգամավորներ է ունենում, թեև հանուն արդարության նշենք, որ գործող պատգամավորներից  ոչ բոլորն էին մանդատի արժեքը հասկանում ու պատգամավորի գործառույթը պատկերացնում։

Շիրակի մարզը միշտ բավական ճոխ է ներկայացված եղել ԱԺ-ում, 6-րդ գումարման խորհրդարանում 8 պատգամավորներ կային Շիրակի մարզից՝ բոլոր խմբակցություններից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930