Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով վերջին շրջանում խոսում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, հերթական անգամ հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպած Չավուշօղլուն պատմել է, թե ինչու և ինչպես է դարձել դիվանագետ։ Ըստ պատմածի՝ դիվանագետի մասնագիտությունը նա ընտրել է՝ ի հեճուկս հայկական կազմակերպության, որը աշխարհի տարբեր վայրերում ոչնչացնում է թուրք դիվանագետներին։ Չավուշօղլուն ակնհայտորեն ակնարկել է ASALA-ի (ASALA – Armenian Secret Army for the Liberation of Armenia, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) վրեժխնդրական գործողությունների մասին, որոնք միտված էին Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացմանը:
«Երբ սովորում էի վարժարանում, հայկական ահաբեկչական կազմակերպությունը հարձակումներ էր գործում մեր դիվանագետների վրա, զոհեր էինք տալիս: Ես էլ, ի հեճուկս նրանց, որոշեցի դառնալ դիվանագետ և սկսեցի սովորել միջազգային հարաբերությունների ֆակուլտետում»,- պատմել է Չավուշօղլուն։
Նա, սակայն, ոչ մի բառ չի խոսել ASALA-ի գործողությունների դրդապատճառների, Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականության մասին։ Պարզապես հերթական անգամ թուրք հասարակության ու հատկապես երիտասարդության շրջանում ատելություն է սերմանել հայերի հանդեպ։