Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 միլիոն 591 հազար 316-ից հունիսի 20-ին արտահերթ ընտրություններին մասնակցել է նրանց 49,4%-ը։ Ընտրողների այս քանակի մասնակցության մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց՝ նախահեղափոխական ժամանակաշրջանի ընտրություններում ավելի շատ ընտրողներ էին մասնակցում, եւ դա պայմանավորված էր մի շարք խնդրահարույց երեւույթներով՝ ընտրողներին տեղամասեր բերելով եւ այլն։
«2018 թվականից սկսած՝ այս ցուցանիշը նվազեց։ Ինձ թվում է, որ այն եկավ իր բնականոն վիճակին, եւ այս մասնակցությունը շատ մոտ է 18-ի ԱԺ ընտրությունների մասնակցությանը։ Ես չեմ ուզում, որ մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, որ ընտրական իրավունքով ամեն երկրորդ հայաստանցին չի այցելել ընտրատեղամաս, դա այդպես չէ»,-ասաց Դանիել Իոաննիսյանը։
Նրա ներկայացմամբ՝ ընտրողների ցուցակներում թեեւ կա 2,5 միլիոնից ավելի մարդ, բայց ընտրողների ցուցակների կազմման օրենսդրական կարգավորումների պատճառով, որոնք արդեն փոխվել են եւ առաջիկայում ուժի մեջ կմտնեն, այդ ցուցակներում կան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք վաղուց երկրում չեն, տասնյակ հազարավորները մահացել են արտերկրում, եւ ՀՀ պետական մարմինները չեն ստացել նրանց մահվան վկայականները, ուստի հիմք չունեն ընտրողների ցուցակներից հանելու։
«Ըստ էության, եթե ընտրողների ցուցակում լիներ այնքան մարդ, որքան իրապես ընտրական իրավունքով Հայաստանում գտնվող չափահաս քաղաքացի կա, բնականաբար, այդ թիվը կլիներ 2,5 միլիոնից շատ ավելի քիչ եւ նաեւ մասնակցության տոկոսն էլ պակաս կլիներ»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ