Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունները նման էին 2018-ին… Լավ կազմակերպված, արդար, թափանցիկ, փոխադարձ հարգանքի միջավայրում ընտրություններ էին». Միջազգային դիտորդներ

Հունիս 21,2021 17:06

«2 ամիս անց հաշվետվություն կլինի, որտեղ կարձանագրվեն հիմնական խնդիրները: Լսել ենք վարչական ռեսուրսի չարաշահման մասին, այո, դրանք լուրջ խնդիր են եւ մենք հաշվի ենք առել: Համապատասխան կառույցներին այդ խնդիրները ներկայացվել են: Մեր կարծիքով, ընտրական գործընթացը, ընդհանուր առմամբ, դրական էր, լավ կազմակերպված, համակողմանի, կառուցողական: Մեր տպավորությունը, ընդհանուր առմամբ, դրական է»,- այսօր միջազգային դիտորդների մամուլի ասուլիսին ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին:

Նա նշեց, որ եղել են մեղադրանքներ, ենթադրություններ խախտումների վերաբերյալ, դիմել են համապատասխան կառույցներին, ենթադրվում է ընթացք, որին կհետեւեն:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Գեորգե Կատրուգալոսն ասաց. «Այո, եղել են արձանագրումներ իշխանության չարաշահման վերաբերյալ: Նույնն է եղել նաեւ մասնավորապես զինուժին վերաբերող խնդրի հետ կապված: Բոլոր այս մեղադրանքները պետք է արժանանան համապատասխան քննության լիազոր պետական կառույցների կողմից: Իմ կարծիքն է, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վրա»:

Հարցին՝ Ընտրական օրենսգրքի քանի՞ խախտում եք արձանագրել երեկ՝ Օուեն Մերֆին պատասխանեց. «Մեր պատասխանատվությունն այստեղ ընտրական գործընթացն ուսումնասիրելն է, դիտորդական աշխատանք իրականացնել, գնահատել ազգային օրենսդրությանը եւ միջազգային ստանդարտներին համապատասխանությունը, որը Հայաստանը ստանձնել է: Մենք անկախ ու անկողմնակալ ենք: Մեր գնահատականը դրական է ընդհանուր առմամբ: Ինչ վերաբերում է ԸՕ խախտումներին, կրկին վերադառնում ենք այն կետին, որ եղել են մեղադրանքներ, ենթադրություններ ԸՕ խախտումների վերաբերյալ, մենք արձանագրել ենք դրանց հավանականությունը, միջադեպերը արժանացել են ուշադրության պետական լիազոր մարմինների կողմից, մենք հետեւելու ենք գործընթացներին ու սկսելու ենք հետեւել հետընտրական գործընթացներին»:

Հարցին՝ երեկ մի շարք տեղամասերում էլեկտրամատակարարման խափանման գործընթացներ են եղել հաշվարկի ժամանակ, դա կարո՞ղ էր ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ պարոն Օուեն Մերֆին պատասխանեց. «Այդ տեղեկատվությունը հասել է մեզ: Մենք կարծում ենք, որ էական ազդեցություն դա ընտրությունների վրա չի ունեցել, բայց դիտորդական առաքելությունը դեռ շարունակվում է եւ տեղեկատվությունը կարող է փոխվել»:

Դիտորդները վստահեցրեցին, որ իրենք առաքելություն են իրականացրել ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլեւ հաշվարկի, այն պահին, երբ քվեատուփերը բացվել են: Բոլոր գործընթացներին մասնակցել են. «Մենք երկրի տեղամասերի գրեթե 50%-ը կարողացել ենք սպասարկել: Ինչ վերաբերում է հաշվարկմանը ու թափանցիկությանը, ամեն ինչ դրական է եղել»:

Գեորգե Կատրուգալոսն հավելեց. «Լիազոր պետական կառույցներին, հանձնաժողովներին, ԿԸՀ-ին տեղեկատվությունը ներկայացվել է, նրանք իրենց գործն արել են հավուր պատշաճի: Եվ քանի որ Հայաստանը ինքնավար, անկախ, ժողովրդավարական պետություն է, այդ պետության իշխանությունները լիազորված են ամբողջությամբ քննելու այն միջադեպերը, որ կարող էին տեղի ունենալ: Մեր կարծիքով ընտրական համակարգը աշխատել է, արձանագրված է: Բայց եթե կան պատճառներ հավատալու, որ ԿԸՀ-ն կամ պետական այլ կառույցներ իրենց գործը չեն արել, դա մենք ուղղել չենք կարող, կարող ենք արձանագրել: Մեր գնահատականը այդպիսին չէ: Վերահաստատում ենք՝ ընդհանուր առմամբ արդյունքը դրական է»:

Հարցին՝ կարո՞ղ եք զուգահեռ տանել այս տարվա ընտրությունների եւ 2018-ի ընտրությունների միջեւ, կարո՞ղ ենք ասել, որ սա քայլ առաջ էր, կամ քայլ հետ՝ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Կարի Հենրիկսենը պատասխանեց. «Մենք շատ հազվադեպ ենք համեմատում ընտրությունները, որովհետեւ իրավիճակները շատ տարբեր են եւ հանգամանքներն են փոխվում: Սակայն ես կարող եմ ասել, որ, օրինակ, որոշ դիտողություններ, որ մենք ներկայացրել ենք, օրինակ, կանանց լիազորում՝ ավելի մեծ մասնակցություն ապահովելու համար, իրականացվել է իշխանությունների կողմից: Եթե եղել են ավելի շատ կանայք, ապա մենք դա կարող ենք համարել բարելավում»:

Դիտորդները նշեցին, որ ԵԱՀԿ-ն միտված է այլ անդամ երկրների հետ համագործակցության խթանմանը, առաջիկայում կփորձեն հասկանալ, թե որն է լինելու հաջորդ քայլը, այս հաշվետվության առաջարկությունները հաշվի կառնե՞ն, թե՞ չեն առնի:

Իսկ Գեորգե Կատրուգալոսն ասաց. «Բոլոր ընտրություններից ունենք հաշվետվություն ու կարող եմ ասել, որ օրինակ 2018-ի ընտրությունների վերաբերյալ գնահատական է եղել, ընդհանուր առմամբ ժողովրդավարական եւ առաջընթաց ապահովող: Ես չեմ կարող ասել, թե նոր հաշվետվությունը ինչ է ներառելու, բայց անձամբ վստահ եմ, որ այս ընտրությունները նման էին 2018-ի ընտրություններին»:

Օուեն Մերֆին էլ ասաց, որ բարեփոխումեր են եղել, ԸՕ որոշ դրույթներ փոփոխվել են, մասնավորապես, ձայն տալու հատվածները, բայց մեր հաշվետվության մեջ նշում ենք, թե ինչքանով է երկիրը կարողացել իրականացնել այն առաջարկությունները, որոնք մենք տվել ենք նախորդ հաշվետվության մեջ:

Քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումներին անդրադառնալով՝ միջազգային դիտորդները նշեցին. «Ինչ վերաբերում է ենթադրություններին, մեղադրանքներին, եղել են կասկածներ վարչական ռեսուրսի չարաշահման, եղել են կասկածներ ե՛ւ իշխող, ե՛ւ խորհրդարանական այլ խմբակցությունների վերաբերյալ: Մենք շատ լրջորեն ենք վերաբերվում նման մեղադրանքներին ու կարող եմ ասել, որ այս ամենը տեղ կգտնի մեր նախնական բացահայտումներում ու հաշվետվության մեջ: Եղել են խախտումներ, որ ներկայացվել են համապատասխան մարմիններին եւ մեր գործը դրանց վերաբերյալ ընթացքը գնահատելն է: Լավ կազմակերպված, արդար, թափանցիկ, փոխադարձ հարգանքի միջավայրում ընտրություններ էին: Սա է մեր գնահատականը»,- ընդգծեց Օուեն Մերֆին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930