Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց․ «4 ընտրական տեղամասերում պետք է վերահաշվարկ կատարվի»

Հունիս 21,2021 16:47

4 ընտրական տեղամասերում քվեարկածների թիվն ու ցուցակների համապատասխանության խնդիր է եղել, այս տեղամասերի տվյալներն ուղարկվելու են տեղամասային հանձնաժողով՝ վերահաշվարկ կատարելու համար։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Թե որ տեղամասերն են՝ պարոն Սաքունցը տվյալներ չհրապարակեց։

Ընտրությունների գործընթացում արձանագրված խախտումներն ուսումնասիրվել է ռուսական «Գոլոս» կազմակերպության հետ միասին։

«Մեր դիտարկումների եւ հետազոտության հիման վրա, կարող ենք ասել, որ արտահերթ ընտրություններն, խախտումներով հանդերձ, ընթացել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան։ Ընտրությունները եղել են մրցակցային, չնայած, որ քվեարկությանը նախորդած եւ քվեարկության օրը ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգերը տարածված էին, բայց, ըստ էության, որոշակի ջանքեր գործադրվել են ընտրակաշառքները բացահայտելու եւ քրեական գործեր հարուցելու ուղղությամբ։ Ընտրակաշառքները մեծ ազդեցություն կամ որակյալ ազդեցություն չեն ունեցել, ազատ կամքի վրա որոշիչ ազդեցություն չեն ունեցել»,-ասաց պարոն Սաքունցը։

Նրա խոսքով՝ նախընտրական հանդիպումների ժամանակ սոցիալական ցանցերում եւ զանգվածային լրատվական միջոցներում տարածվում էր ատելության խոսք եւ տպավորություն կար, որ թեժ մթնոլորտ է, եւ դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ քվեարկության վրա, սակայն քվեարկությունը ընթացել է ազատ մթնոլորտում եւ ազդեցություն չեն ունեցել ընտրական գործընթացի խաթարման վրա, բացառությամբ մի քանի տեղամասերի։

Արթուր Սաքունցը նշեց՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրական գործընթացը կարգավորող օրենսդրությունը պետք է փոփոխվի, եւ այդպես էլ ամբողջությամբ չընդունվեցին այն կազմակերպությունների առաջարկները, որոնք ներգրավված էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքում․«Հատկապես վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելման ուղղությամբ, եւ որոշ ուժերի հնարավորություն տվեցին այդ օրենսդրական բացերն օգտագործել»։

Այս ընտրություններն այն եզակի ընտրություններն են, երբ, ըստ Սաքունցի, խախտումների վերաբերյալ ահազանգում էին նաեւ քաղաքացիները։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրության արդյունքների վրա։

«Իրավապահ համակարգը, այդ թվում՝ դատական, արմատական փոփոխության կարիք ունի։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ բազմաթիվ ահազանգեր չպետք է դիտորդների ջանքերով լինեին, նախաձեռնողականությունը պետք է լիներ իրավապահների կողմից։ Ընտրական տեղամաս ես գնում, երկու երիտասարդ ոստիկան հերթապահում են մուտքի մոտ, այդ տեղամասում տեղյակ չեն՝ ինչ է կատարվում, եւ մի կողմ են քաշված գիտակ ոստիկանները, որոնք գալիս ցույց են տալիս, թե աշխատում են այն ժամանակ երբ ներս ես մտնում։ Իրավապահ մարմինների սերտաճվածությունը համայնքի առանձին խմբերի հետ բավականին մեծ է»,-ասաց պարոն Սաքունցը։

Նա նաեւ մտահոգություն հայտնեց հանձնաժողովների նախագահների, քարտուղարների եւ անդամների՝ ընտրական գործընթացի վերաբերյալ ոչ բավարար գիտելիքների առնչությամբ, նրանք չեն տիրապետում օրենսդրությանը․ «Այդ մարդիկ պետք է անցնեն պատշաճ պատրաստվածություն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930