ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է իր ելույթը ԵԽԽՎ-ում
«Հարգելի գործընկերներ,
տիկնայք և պարոնայք, ինչպես գործընկերները նախորդիվ նշեցին, այո, Հայաստանը ընտրել է զարգացման ժողովրդավարական ճանապարհը, և դա փաստ է: Կարևոր է, որ մեր քաղաքացիներն են որոշում, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը: Այժմ ես ցանկանում վերադառնալ հայ ռազմագերիների թեմային: Ես ցանկանում եմ բառացի մեջբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ, որը տեղի է ունեցել մոտավորապես մեկ շաբաթ առաջ օկուպացված Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էմինե Էրդողանը հարց է ուղղում Ալիևին, թե արդյոք դեռ շատ հայ ռազմագերիներ կան՝ Բաքվում պահվող:
Հարցին ի պատասխան՝ Ալիևը ուրախությամբ նշում է, այո, շատ: Էմինե Էրդողանն ասում է՝ շատ լավ է, վերադարձու նրանց փոքր «պորցիաներով»: Սա բառացի նրանց խոսակցությունն է, տեսանյութը հասանելի է յութուբով: Ադրբեջանն ու Թուրքիան Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներ են, իսկ նրանց առաջնորդներն իրենց այսպես են պահում: Սա ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի տրամաբանությանը, այլ սա ուղղակի աննորմալ և անմարդկային մի բան է: Եվ ամեն անգամ, երբ մենք գալիս ենք այստեղ, ռազմագերիների հարազատները մեզ հարցնում են՝ ի՞նչ է Եվրոպան անում, որ օգնի վերադարձնել մեր հարազատներին: Մենք պատասխանում ենք՝ քննարկում են, դատապարտում են և արդյունքում մենք ունենք ռազմագերիների՝ փոքր «պորցիաներով» վերադարձ, մինչդեռ Բաքվում բազմաթիվ գերիներ կան, իսկ նրանց ընտանիքները տառապում են: Ավելի քան կես տարի է անցել, ինչ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը զինադադարի հայտարարություն են ստորագրել: Հայաստանն իրագործել է իր պարտավորությունները, Ադրբեջանն է, որ հրաժարվում է դա անել, և հետո գալիս են այստեղ ու ասում՝ գիտե՞ք, մենք 15 ռազմագերի ենք վերադարձրել: Շատ շնորհակալ ենք, բայց ես ցանկանում են ձեզ հիշեցնել, որ դա ձեր պարտավորությունն է անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության:
Ես ցանկանում եմ ասել, որ խաղաղությունը զուտ գեղեցիկ բառ չէ, մենք արժևորում ենք խաղաղությունը ավելի, քան ցանկացած այլ ժողովուրդ, քանի որ մենք գիտենք, թե ինչ է դա՝ կորցնել թանկ մարդկանց, լինել պատերազմի մեջ, բայց խաղաղությունը ենթադրում է գործողություն, համառ աշխատանք, իսկ խաղաղության ադրբեջանական ձևը նշանակում է՝ ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք, գերի պահել հայ ռազմագերիներին, պետական մակարդակով ապամարդկայնացնել հայ ժողովրդին, իսկ հետո գալ այստեղ և գեղեցիկ ձևով խոսել խաղաղության մասին:
Կարդացեք նաև
Ադրբեջանցի գործընկերներ,
եթե խաղաղություն եք ուզում, վերադարձեք ձեր երկիր և հարկադրեք ձեր բռնապետ Ալիևին գործել համաձայն միջազգային իրավունքի՝ վերադարձնել հայ ռազմագերիներին և դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից: Մենք պատերազմ չենք ուզում, ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն՝ գործե՛ք»: