Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիներին ուղղորդել են, ցուցակները ձեռքին վերահսկել են՝ ով եկավ, ով չեկավ, վարչական ռեսուրս ոչ միայն ՔՊ-ի համար են կիրառել. ի՞նչ է տեսել «Ականատես»-ը

Հունիս 21,2021 15:50

Այս ընտրությունները էականորեն տարբերվում են մինչ այս եղած ընտրություններից այն իմաստով, որ վարչական ռեսուրսը կիրառվել է ոչ միայն իշխող ուժի, այլ նաև այլ քաղաքական ուժերի կողմից: Այս մասին «Մեդիա կենտրոն»-ի մամուլի սրահում ասաց «Ժուռնալիստների ասպարեզ ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Բարսեղյանը: Այս կարծիքին էր նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ներկայացուցիչ Սոնա Այվազյանը: Ըստ նրա, տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդիկ իրենց չափով վարչական ռեսուրս են կիրառել իրենց համակիր ուժերի համար: Լեւոն Բարսեղյանի խոսքով, այդ պարագայում դժվար էր դիտարկելը՝ վարչական ռեսուրս հստակ որ ուժի համար է կիրառվել: Ըստ նրա, այս անգամ վարչական ռեսուրսի դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել:

Նրանք ներկայացրին «Ականատես» դիտորդական առաքելության տվյալները: Լեւոն Բարսեղյանի խոսքով, իրենց դիտորդները խախտումների փունջ են արձանագրել. ապօրինի կերպով ընտրությունների վերահսկումից՝ քվեարկությունից, մինչեւ մեքենաներով ընտրողներին ընտրատեղամասեր բերելը. «Քաղաքացիներին ուղղորդել են, ցուցակները ձեռքներին վերահսկել են՝ ով եկավ, ով չեկավ: Քվեախցին շատ մոտ են կանգնել՝ քվեարկությունը վերահսկելու: Զրույցներով դռան մոտից մարդկանց տարել՝ հասցրել են քվեատուփին, հոգեբանական ճնշումներ են գործադրել»: Լեւոն Բարսեղյանի խոսքով նշյալ խախտումները հիմնականում «Հայաստան» դաշինքի վստահված անձիք են կատարել, խախտումներ էլ կան, որոնք կապված են «Պատիվ ունեմ» դաշինքի հետ:

Ընտրախախտման մի քանի դեպք էլ պարոն Բարսեղյանը վերագրեց «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներին:

Ասաց, որ հոսանքազրկումների մասին ահազանգերը մտահոգիչ չեն, քանի որ դրանք տեղի են ունեցել 5-10 րոպեով, որը սակայն չի ազդել արդյունքների ամփոփման վրա եւ հաշվարկի գործընթացի խաթարում տեղի չի ունեցել, քանի որ մարդիկ անմիջապես միացրել են հեռախոսի լապտերները:

Սոնա Այվազյանն ասաց, որ 300 ընտրատեղամասում 580 դիտորդ են ունեցել, 22 դիտորդ էլ շրջիկ է եղել:

«Դիտարկումները ցույց են տվել, որ գործընթացն, ընդհանուր առմամբ, եղել է կազմակերպված, խաղաղ միջավայրում, սահուն կերպով, առանց լայնածավալ կոպիտ խախտումների»,-ասաց Սոնա Այվազյանը: Սակայն կան ընտրատեղամասեր, որտեղ նկատվել է լարվածություն՝ կողմնակի անձանց ներկայությամբ պայմանավորված: Իսկ ուղղորդումներն ու վերահսկվող քվեարկությունը եղել է համատարած՝ Հայաստանի ամբողջ տարածքով մեկ: Ըստ նրա, այդ ընտրախախտումների առյուծի բաժինն ընկնում է «Հայաստան» դաշինքին: Ասաց նաեւ, որ 2-3 դեպքեր են արձանագրել, որ զինվորականներ են բերվել քվեարկելու եւ հրամանատարների կողմից եղել է վերահսկողություն: Մեկ դրվագով էլ, ըստ Սոնա Այվազյանի, մեկ տեղամաս բերել են տարբեր կողմնորոշման զինվորական խմբեր:

«Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի» ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանը նույնպես ասաց, որ ամենատարածված ընտրախախտումներն ուղղորդումներն էին եւ վերահսկվող քվեարկությունը: Այդպիսի դեպքերի մասին 3 հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: Ասաց, որ իրենց դիտորդների իրավունքները եւս խախտվել են, մի քանի ընտրատեղամասերում թույլ չեն տվել նկարահանել գրանցամատյանի առանձին էջեր, վստահված անձանց տվյալները: Չհրկիզվող պահարանը մի ընտրատեղամասում քվեարկությունը սկսվելու ժամից մեկ ժամ շուտ է բացվել, մեկ այլ տեղում՝ ոչ բոլոր քվեաթերթիկներն են դրել չհրկիզվող պահարանում՝ տեղ չլինելու պատճառաբանությամբ:

Խախտումները թույլ են տվել, «Հայաստան» դաշինքի,  «Քաղաքացիական պայմանագրի», «Զարթոնք» կուսակցության, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930