Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան․ «Բավականին առատ են եղել «Հայաստան» դաշինքի կողմից կամ այդ ուժի համար ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը»

Հունիս 21,2021 15:33

Արտահերթ ընտրությունների քվեարկության օրը տեղամասերում «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտորդներն արձանագրել են բազմաթիվ խախտումներ, տեղամասերի 52%-ում արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտումներ, բազմաթիվ տեղամասերում դիտարկվել են տեղամասի ներսում քարոզչության դեպքեր, մասնավորապես՝ տեղամասերի 37,5%-ում դա արվել է «Հայաստան» դաշինքի օգտին, 15,7%-ում՝ «Պատիվ ունեմ», 14%-ում՝ ՔՊ, եւ 4,7%-ում՝ ԲՀԿ եւ ԱԺԲ-ի օգտին։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում ասաց Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Անկախ դիտորդ»-ի 700 դիտորդներ առաքելություն են իրականացրել 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում, 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաեւ 1500 տեսախցիկներ են դիտարկել։

Իոաննիսյանի ներկայացմամբ՝ տեղամասերի 10%-ում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողներին տրվել են ոչ բոլոր քվեաթերթիկները, եւ 10%-ում արձանագրվել են քվեաթերթիկների դուրս բերման դեպքեր։ Քվեախցիկում այլ անձանց ներկայություն է գրանցվել տեղամասերի 1/3-րդ ում։ Տեղամասերի 10%-ում դիտվել է պատկեր, երբ օգնողները քվեախցիկում ակնհայտորեն չեն հարցրել, թե ընտրողն ում է ուզում ձայն տալ, պարզապես նա ֆիզիկապես ներկա է գտնվել քվեախցիկում։

«Անկախ դիտորդ»-ի զեկույցի համաձայն, 3 ընտրական տեղամասերում ընտրողին ոչ բոլոր քվեաթերթիկներ տալը կրել է պարբերական բնույթ, եւ ինչպես Իոաննիսյանն ասաց, ՔՊ-ի քվեաթերթիկը չեն տվել, 2 այդպիսի տեղամասեր Երեւանում էին, 1-ը՝ Գորիսում․ «Հիշեցնեմ, որ տվյալները միայն մեր դիտարկված տեղամասերից են»։

Վիճաբանությունների եւ ծեծկռտուքի հատուկենտ դեպքեր են դիտարկվել, դրանք տեղի են ունեցել ձայների հաշվարկի դեպքում, եւ ըստ զեկույցի, չեն ազդել ընտրողների կամարտահայտման վրա։ Ընդհանուր առմամբ, քվեարկության օրը արձանագրվել է 52 էական խախտում, որոնց մասով ներկայացվել է հանցագործության մասին 9-ը հաղորդում եւ 1 վարչական բողոք։

Ըստ Իոաննիսյանի, ընդհանուր առմամբ, գումարած նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը, «Անկախ դիտորդ»-ն իրավապահներին է ուղարկել է հանցագործության մասին 30 հաղորդում, որոնց ծանրակշիռ մեծամասնությունը վերաբերել է ընտրակաշառքի դեպքերին: Այնուհետեւ 2-րդ հորիզոնականում ընտրողների վրա ապօրինի ազդեցության այլ դրսեւորումներն են։

«Ընտրողների ազատ կամարտահայտության հետ կապված պետք է ասեմ, որ երկարաժամկետ դիտորդները ստացել են բազմաթիվ ահազանգեր ընտրակաշառքի բաժանման, գործատուների կողմից ընտրողների վրա ապօրինի ազդեցության վերաբերյալ։ Մասնավորապես՝ բավականին առատ են եղել «Հայաստան» դաշինքի կողմից կամ այդ ուժի համար ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը, ինչպես նաեւ խոշոր ձեռնարկությունների կողմից ենթակաների վրա ապօրինի ազդեցության դեպքերը։ Այդպիսի ձեռնարկություններն են «Գազպրոմը», ՀԷՑ-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ այլն։ Նույն ուժի հանրահավաքների մասնակցության եւ այդ ուժի օգտին քվեարկելու պարտադրանքի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր եւ փաստեր եղել են մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կառույցներում»,-ասաց Դանիել Իոաննիսյանը։

Նրա ներկայացմամբ՝ էապես, բայց ավելի եզակի են եղել ՔՊ նախընտրական հավաքներին եւ ժողովներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ահազանգերը․ «Ընդ որում, պետք է նշեմ, որ այս մտահոգությունները էապես ավելանում են ընտրությունների օրն արձանագրված քվեարկության գաղտնիության խախտելու բազմաթիվ դեպքերի ֆոնին, այս ենթատեքստում այդ դեպքերին ենք դասում որոշ տեղամասերում ընտրողներին ՔՊ քվեաթերթիկ չտալու նկատված միտումը։ Հաշվի առնելով, որ այդ խախտումները կրում են լատենտային բնույթ, ենթադրում ենք, որ դրանց ծավալը եղել է ավելի շատ»։

Դիտորդներն ընտրողների ցուցակներում չեն հայտնաբերել կրկնություններ, սակայն նույն անուն-ազգանուն հայրանունով մոտ հարյուր ընտրող է եղել, սակայն նրանք նույն մարդիկ չեն եղել, պարզապես տվյալների համընկնում է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930