Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիներն իրեն սպանելու պատվեր ունեն»․ բարեկամը պատմում է՝ ինչպես ու ինչու են ձերբակալել Մանախին

Հունիս 21,2021 15:08

«Միասին ենք եղել ընտանիքով։ Եկան քաղաքացիական հագուստով, հետո ոստիկանական մեքենա կանգնեց, եկան ոստիկանները։ Սկզբում հասկանալի չէր իրավիճակը, որովհետեւ մտածեցինք, թե իրեն եկել են վնասազերծելու, որովհետեւ ադրբեջանցիները պատվեր ունեն իր հետ կապված»,-Aravot.am-ի հետ զրույցում 2020թ․-ի պատերազմի մասնակից Արթուր Այվազյանի՝ Մանախի ձերբակալման մանրամասները պատմեց նրա ընտանիքի բարեկամ Գոռ Դավթյանը։

Նա նշեց․ «Այդ պատճառով զգոն ենք եղել։ Որ անծանոթ մարդ ենք տեսնում, փոքր-ինչ լարվում ենք։ Մոտեցան, ներկայացան, որ ոստիկանությունից են։ Այդ ժամանակ Արթուրը նստած էր դրսում։ Ասացին, որ բաժին են հրավիրում, բերման պետք է ենթարկեն։ Արթուրն ասաց, որ խնդիր չկա, չդիմադրեց, կոնֆլիկտային իրավիճակ չստեղծեց։ Ասացին, որ պետք է ձեռնաշղթա հագցնեն։ Մի պահ ես ընդվզեցի, որովհետեւ եթե նա համաձայնել էր գնալ բաժին, ձեռնաշղթա հագցնելու իմաստը ո՞րն էր։ Հետո տարան»։

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք տեղեկացել են, որ Արթուր Այվազյանին խուլիգանության համար են մեղադրում․ «Մինչդեռ անգամ բողոքող կողմ չկա, օդի մեջ ասում են, թե Մանախը հայհոյանքներ է տվել, եւ դա է պատճառը։ Մենք այս ամենը հերթական քաղաքական հետապնդումն ենք համարում։ Բա էլ ի՞նչ մտածենք։ Գտնում ենք, որ մեր ղեկավարությունը պատվեր է կատարում։ Եթե կռված մարդը, զինվորականն իր երկրում մտավախություն ունի, որ Ադրբեջանից մարդիկ կարան գան եւ իրեն այստեղ սպանեն, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Չեն կարողանում իրենց առաքելությունը կատարել, դրա համար մտածում են՝ երեւի կալանավորելով հարցերը լուծեն։ Այլ ենթատեքստ չկա։ Իր վրա կոնկրետ աշխատում են, որ մեկուսացնեն»։

Մեզ հետ զրույցում մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն այսօր համոզմունք էր հայտնել, որ Մանախի հանդեպ հետապնդման պատճառն իր հեղինակած ֆիլմում վերջինիս պատմած՝ Շուշին ու Հադրութը դավադրաբար հանձնելու տեղեկություններն են։ Գոռ Դավթյանից հետաքրքրվեցինք, թե ընտանիքում ինչ են կարծում այս մասին։ Նա նշեց․ «Արթուր Այվազյանը շա՜տ բան գիտի, այդ ֆիլմը միայն դրվագներ է ներկայացնում։ Երբ անմիջական ես հետը շփվում, նա այնպիսի՜ բաներ է պատմում, որ նորմալ մարդու հոգեկան աշխարհը կարող է խախտվել։ Ինքը շատ բան է տեսել այդտեղ, դավաճանություններ է տեսել․ չի կարողանում մի բան անի, որ մեղավորները պատժվեն։ Ոչ մի շարժ չկա այդ առումով։ Համ էլ առողջականի հետ կապված խնդիրներ ունի։ Մեր գերիներին Ադրբեջանում դատում են, իսկ պատերազմի մասնակցին՝ Հայաստանում»։

Նշենք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արթուր Այվազյանի առնչությամբ ընթանում է նախաքննություն՝ հունիսին սոցցանցում նրա հրապարակած տեսագրության առնչությամբ, որում հայհոյանքներ են հնչել Նիկոլ Փաշինյանի, ԳՇ պետ Արտակ Դավթյանի հասցեին։

Արթուր Այվազյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զաքարյանն էլ, որի հետ այս պահին չի հաջողվում կապ հաստատել, սոցցանցային գրառում է արել այն մասին, որ Մանախի հանդեպ կատարվողը քաղաքական հետապնդում է․ պատճառը՝ իշխանությանը քննադատող ելույթը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930