ԱՊՀ 96 դիտորդներ երկարատեւ եւ կարճատեւ դիտորդական առաքելություն են իրականացրել Հայաստանում: Մայիսի 1-ից ԱՊՀ դիտորդները հանդիպումներ են ունեցել ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել են օրենսդրությունը, այդ թվում նաեւ ԸՕ-ի փոփոխությունները, որը կատարվեց ընտրությունների շեմին: Խոսքը ռեյտինգային ընտրակարգի վերացման մասին է: ԱՊՀ դիտորդներն այսօր կայացած մամուլի ասուլիսում արձանագրեցին, որ Հայաստանում կային բոլոր նախադրյալները`ազատ, անկախ, ժողովրդավար ընտրությունների անցկացման համար:
ԱՊՀ դիտորդները նաեւ երեկ են դիտարկումներ անցկացրել`արդեն բուն ընտրական գործընթացի: ԱՊՀ դիտորդները եղել են մոտ 700 տեղամասերում: Դիտարկումների արդյունքում այսօր արձանագրեցին, որ ընտրությունները անցել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան եւ ընտրական գործընթացում չեն եղել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Ըստ ԱՊՀ դիտորդների, ՀՀ քաղաքացիները ազատ կամարտահայտության հնարավորություն են ունեցել, իսկ ընտրությունները կազմակերպվել եւ իրականացվել են բարձր մակարդակով:
25 կուսակցությունների եւ դաշինքների մասնակցությունն, ըստ դիտորդների, ՀՀ ընտրողներին ընտրության հնարավորություն էին ընձեռում:
Իսկ համավարակի պայմաններում ընտրողների մոտ 50 տոկոսի մասնակցությունն ընտրություններին, ըստ դիտորդական առաքելության անդամների, խոսում է այն մասին, որ այս ընտրությունները հանրային հետաքրքրության կիզակետում էին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ