«Եթե լինեն վերահաշվարկի դիմումներ, բնականաբար, քննության առարկա կդառնան։ Այսօրվանից կուսումնասիրվեն տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից գրանցամատյաններում կատարված գրանցումները։ Եթե կան խախտումների մասին գրառումներ, ապա ՏԸՀ-ները դրանցով եւս պետք է որոշումներ ընդունեն»,-ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Սա գործընթաց է, որի ավարտից հետո՝ 7-րդ օրը, կփոխվեն ընտրությունների արդյունքները»,-նշեց Տիգրան Մուկուչյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են հասկացել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարողանում է միայնակ մեծամասնություն ձեւավորել, իսկ «Պատիվ ունեմ»-ը որպես երրորդ ուժ է մտնում խորհրդարան։ Մուկուչյանն արձագանքեց․ «Ըստ հրապարակված նախնական տվյալների, թերեւս, դա է պատկերը։ Իսկ պատգամավորների թվի հաշվարկ չենք արել, եւ այս փուլում ժամանակավրեպ է նման հաշվարկ անելը։ Դա 7-րդ օրը»։
Հարցին ի պատասխան, թե ինչ կլինի, եթե «Հայաստան դաշինքը» եւ «Պատիվ ունեմ»-ը հրաժարվեն մանդատներից, Տիգրան Մուկուչյանը շեշտեց՝ այս փուլում մանդատներից հրաժարման ինստիտուտ չի գործում․ «Կարող է լինել տարբերակ, որ, ենթադրենք, թեկնածուները հրաժարվում են իրենց մանդատներից»։ Բայց այս դեպքում էլ, Տիգրան Մուկուչյանի խոսքով, այդ մանդատները ստանալու են ցուցակների հաջորդական համարները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ