Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը այցելել է ՔՊ գրասենյակ:
Այնտեղ իր ելույթի ընթացքում նա ասաց, որ հենց առաջիկա օրերից իրենք քաղաքական կոնսուլտացիաներ են սկսելու ընտրություններին մասնակցած բոլոր «առողջ» ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները Հայաստանի քաղաքական կյանքի և հանրային ուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին:
«Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տվել է մանդատ առաջնորդել երկիրը և նաև ինձ՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուի տվել է մանդատ առաջնորդելու երկիրը: Բայց էլի եմ ասում, մենք առավելագույնը կանենք քննարկելու և մեր այս մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները և Հայաստանում իսկապես օրենքի և իրավունքի հիման վրա հիմնված ազգային միասնություն և ազգային համաձայնություն ձևակերպելու համար»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս պահի դրությամբ քվեարկության արդյունքների շատ փոքր մասն է հրապարակվել, սակայն իրենք տիրապետում են հանրապետության ընտրական ամբողջ քարտեզին. «Կարող ենք ասել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա աներկբա խորհրդարանական մեծամասնություն, թե ինչպիսի կոնկրետ ծավալներ կունենա այդ մեծամասնությունը պարզ կլինի, երևի, վաղը առավոտյան: Բայց այդ մեծամասնությունը համոզիչ է, որովհետև ընտրություններում ժողովրդի՝ մեզ տված մանդատը համոզիչ է»:
Կարդացեք նաև
Նա հունիսի 21-ին բոլորին հրավիրեց Հանրապետության հրապարակ, որտեղ իր խոսքով, տեղի կունենա «խորհրդանշական պողպատե մանդատի հանձնումը ՀՀ ընտրված վարչապետին և նրա քաղաքական թիմին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ