«Այս պահին Սուրեն Սահակյանը գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔՈ շտաբի համակարգող Գոռ Հակոբյանը:
Նա հայտնեց՝ այժմ ճշտում են, թե «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ բերման ենթարկված անձը ո՞ր բաժանմունքում է գտնվում:
Նա տեղեկացրեց՝ փաստաբան են ուղարկում Սուրեն Սահակյանի մոտ:
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի 6/18 ընտրատեղամասում խոչընդոտել են Սուրեն Սահակյանի և ՔՈ վստահված անձի մուտքը ընտրատեղամաս:
Կարդացեք նաև
Գոռ Հակոբյանն այս առիթով հայտնեց. «Երբ տեսանյութը նայում ենք, տեսնում եք՝ սև շորերով մարդ շպրտում է աթոռը, Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է: Դեռ չի հասկացվում տեսանյութից՝ Սուրեն Սահակյանը պատասխանե՞լ է, թե՝ ոչ»:
Գոռ Հակոբյանը նշեց ՝ ՔՈ տարբեր վստահված անձինք, պատգամավորության թեկնածուներ անցնում են տեղամասերով, մասնակցում ձայների հաշվարկին, սակայն Սուրեն Սահակյանին և մեկ վստահված անձի թույլ չեն տվել: Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում երևում է, թե ինչպես են ոստիկանները նրան ցանկանում տանել ոստիկանական բաժին, իսկ Սուրեն Սահակյանն ասում է. «Դուք օրենքի՞ն եք ծառայում, թե հանձնաժողովի նախագահին: Մի քաշքշեք, իմ իրավունքն է մուտք գործել ընտրատեղամաս: Այդ ի՞նչ է կատարվում, որ թույլ չեն տալիս մուտք գործել»:
Կատարվածի առիթով Գոռ Հակոբյանն ասաց. «Այս իրավիճակը այն մթնոլորտն է, որ այս ժամանակահատվածում տարածվել է: Այս ատելությունը մի տեղ պիտի դուրս գար: Սուրեն Սահակյանը, որ այդքան հանգիստ մարդ է, նրան թույլ չեն տվել, որ մտնի ներս»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ