Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում նշեց, որ քվեարկել է իրենց տեղամասում, որտեղ բավականին հանդարտ մթնոլորտ էր: Նրա տպավորությամբ, հավանաբար, նման վիճակ է եղել ընտրատեղամասերի մեծ մասում: ԽԱՊԿ նախագահն ասաց, որ տեղյակ է նաեւ գրանցված խախտումներին, խոչընդոտումներին:
«Ամենատխրեցնողն այն է, որ այս անգամ նույնպես նախկին իշխանության մեջ եղած որոշ ուժեր շարունակել են ընտրակաշառք բաժանելու իրենց փորձերը, եւ ինչպես ոստիկանությունից են տեղեկացնում, որոշ քանակի մարդկանց դրա վրա բռնել են: Ես կարծում էի, որ 2018-ից հետո, երբ գրեթե բացառվեց այդ երեւույթը, մեկ-երկու դեպքեր եղան ու կանխվեցին, այլեւս նման բան չի կրկնվի, մինչդեռ որոշ ուժեր փորձում են այդ ավանդույթը շարունակել»:
Աշոտ Մելիքյանը հույս հայտնեց, որ իրավապահները իր ձեւակերպմամբ, կբացեն այդ կծիկը, եւ ոչ միայն ընտրակաշառք բաժանողները, այլեւ կազմակերպիչները պատասխանատվության կենթարկվեն: Հավելեց, որ իր կարծիքով, գործող իշխանությունները ոչ փող բաժանելու ռեսուրս, ոչ փորձ, ոչ էլ ցանկություն ունեին:
«Կրակոցներն էին չափազանց մտահոգիչ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ բռնությունները, ատելության զարգացումը, բռնությունների միջոցով հաշիվ մաքրելը ի վերջո իրենց արժանի գնահատականը ստանան: Ընտրությունները պետք է բացառապես քաղաքական միջոցառում լինեն, մինչդեռ կրիմինալն է խառնվում, որոշ քաղաքական ուժեր նրա միջոցով ցուցակներ են կազմում: Սա բոլորովին այն գործընթացը չէ, որի միջոցով արդար, թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ լինեն»,-ասաց ԽԱՊԿ նախագահը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ