Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ արձանագրված 141 դեպքերից ընթացք է տրվել 47 դեպքի, իսկ 94-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար:
Առերևույթ հանցագործության 47 դեպքերից 3-ը գրանցվել են Երևանում, մնացածը՝ մարզերում. «47 հաղորդումները հիմնականում վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն՝ 4 դեպք, տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող հատվածում բռնություն գործադրելուն կամ բռնություն գործադրելու սպառնալիքին՝ 3 դեպք, քվեարկության գաղտնիության խախտմանը՝ 6 դեպք, ընտրակաշառք ստանալուն, տալուն, առաջարկելուն, խոստանալուն, տրամադրելուն՝ 1 դեպք, ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն՝ 1 դեպք, 1-ից ավելի անգամ կամ այլ անձանց փոխարեն քվեարկելուն՝ 25 դեպք, ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելուն, ընտրական հանձնաժողովի անդամի, թեկնածուի, այցելուի, լիազոր ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն՝ 1 դեպք, գույքին դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն՝ 1 դեպք, խուլիգանության սպառնալիքին, բռնությանը, ծեծին՝ 1 դեպք և ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հատկանիշներով՝ 4 դեպք»:
Արա Ֆիդանյանը հավելեց, որ ոստիկանության թեժ գիծը ստացել է 87 ահազանգ, որոնցից 1-ը վերաբերել է լռության օրը քարոզչություն կատարելուն, 4-ը՝ ընտրակաշառքին, 3-ը քվեարկությանը ուղղորդելուն, 35-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, իսկ 44-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ