«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց ընտրությունների դիտարկման ընթացիկ արդյունքները: Նա նշեց, որ առավոտից շուրջ 700 հոգանոց առաքելությամբ հետեւում են քվեարկության ընթացքին եւ ականատես են եղել մի շարք խնդրահարույց երեւույթների:
«Հանրապետությունում 2 անգամ հրազեն է օգտագործվել, մի շարք ընտրական տեղամասերում նկատել ենք, որ հանձնաժողովի նախագահը պատշաճ չի տիրապետում իր գործառույթներին, մի շարք ընտրական տեղամասերում, օրինակ 8/36-ում,10/3-ում, 34/08-ում արձանագրվել են դեպքեր, երբ ընտրողներին չեն տվել 3-րդ համարի քվեաթերթիկները: Ընդհանրապես մեր դիտարկած տեղամասերի մոտ 10 տոկոսում նկատվել են դեպքեր, երբ ընտրողներին տրվել են ոչ բոլոր քվեաթերթիկները»,-ասաց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչը:
«Որոշ դեպքերում կարող է հանձնաժողովի անդամը պատահաբար մի ընտրողի ինչ-որ քվեաթերթիկ չտալ, բայց երբ դա կրում է պարբերական բնույթ եւ հենց նույն կուսակցությանն է վերաբերվում, իսկ այս երեք դեպքերի, երեք տեղամասերի առումով մենք դա ունենք, արդեն գալիս ենք այն եզրահանգման, որ հանձնաժողովի անդամը փորձում է կանխել ընտրողի՝ այդ կուսակցությանը քվեարկելու հնարավորությունը»,- շեշտեց Դանիել Իոաննիսյանը:
Նա հավելեց, որ վերջին օրերին ունեն տեղեկություններ` ընտրակաշառքի, ընտրողների վրա ազդելու դեպքերի վերաբերյալ եւս:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը եւ տեսանյութը՝ «Մեդիա» կենտրոնի